Լոռու մարզպետարանի նախկին աշխատակիցը պնդում է՝ քաղաքական դրդապատճառներով իրեն ազատել են աշխատանքից, մարզպետը հերքում է

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյան

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հերքում է մարզպետարանի նախկին աշխատակցի պնդումը, թե նրան քաղաքական դրդապատճառներով են ազատել աշխատանքից։

Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության ավագ մասնագետ Արշակ Բաղդասարյանը մեկ ամիս առաջ դիմում էր գրել մարզպետին, խնդրել իրեն ազատել աշխատանքից՝ առանց նշելու պատճառը։

Աշխատանքից ազատվելուց հետո, սակայն, նա հայտարարել էր, թե ստիպված է գրել ազատման դիմումը, քանի որ մարզպետարանում իրեն հետապնդել են, ճնշումների ենթարկել ու հարկադրել ազատվելու դիմում ներկայացնել։

Նրա հայտարարությունների հիման վրա իրավապահները նյութեր են նախապատրաստել, բայց մերժել քրեական գործ հարուցել՝ հիմքերի բացակայության պատճառով։ Մինչդեռ դրանից հետո էլ Արշակ Բաղդասարյանը պնդում է, թե ինքը մարզպետարանում քաղաքական ճնշումների է ենթարկվել։

«Ես աշխատանքից ազատվել եմ սեփական դիմումի համաձայն, բայց մարզային իշխանությունների կողմից հետապնդումների, սպառնալիքների և ճնշումների հողի վրա դեռևս փետրվար ամսից։ Ինձ հետապնդել են իմ ֆեյսբուքյան գրառումների հիման վրա, նաև ասել, որ խնդրում ենք որոշակի ժամանակահատվածում դադարեցնել, որովհետև իմ գրառումներով ես կառավարույթան եմ վիրավորել», - ասաց Բաղդասարյանը։

Մարզպետարանի նախկին աշխատակիցը կարծում է, որ մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի առթիվ արած իր ֆեյսբուքյան գրառումն է զայրացրել մարզի ղեկավարին։

Փետրվարի 25-ին նա գրել էր. - «Արդյո՞ք պետք են հանրահավաքներ: Հիշե՛նք ու հարգե՛նք մեր հերոսներին, նրանց ծնողներին... Դեռ տղերքի թափված արյունը չի չորացել»։

«Եվ հենց այս գրառումն է հիմք հանդիսացել, որ ինձ նման արտահայտություն անեն մարտի 15-ին Լոռու մարզի իրավաբականական բաժնի պետի կողմից, իհարկե մարզպետի անունից, որ կա՛մ ազատման դիմում եմ ներկայացնում, կա՛մ իմ գործերն ուղարկվում են դատախազություն», - ասաց Արշակ Բաղդասարյանը։

Մինչդեռ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը սուտ մեղադրանքներ է որակում մարզպետարանի նախկին աշխատակցի ասածներն ու հերքում դրանք։ Մարզի ղեկավարն, ի պատասխան, հայտնում է, թե կասկածներ ունեն, որ 2016 թվականին Արշակ Բաղդասարյանը նախկինում ունեցած աշխատանքային ստաժի մասին կեղծ տվյալներ է ներկայացրել մարզպետարան ու աշխատանքի ընդունվել որպես քաղծառայող։

«Քաղաքական որևիցե հետապնդում Արշակ Բաղդասարյանի նկատմամբ չի եղել, և հիմա էլ որոշակի կասկածներ ունենք, թե ինքն ինչպես է ընդունվել աշխատանքի, հիմա իրավական դաշտում է գտնվում խնդիրը, ես զերծ կմնամ գնահատականներից, առաջիկայում մենք կտեսնենք», - ասաց Լոռու մարզպետը։

Արշակ Բաղդասարյանն ասում է՝ մարզպետարանում գործի ընդունվելիս աշխատանքային գրքույկ է ներկայացրել՝ «Պարնի» ընկերությունում որպես գյուղատնտես աշխատած մոտ երեք տարվա ստաժով։

Նա նշում է՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալած ընկերությունից աշխատավարձ ստացել է առձեռն, ու պնդում, թե աշխատանքային պայմանագրերն ու մյուս փաստաթղթերը պահպանված չեն, քանի որ 2016-ին իր առաջին գործատուն՝ «Պարնի» ընկերությունը, լուծարվել է։

«Օրենքով սահմանված կարգով ես աշխատանքի հաճախել եմ, բնականաբար, դրա դիմաց աշխատավարձ ստացել եմ, նրանք պահանջել են գործատուից փաստաթղթեր, բայց քանի որ գործունեությունը դադարացված է, այսինքն՝ այդ տնտեսությունը լուծարվել է, որևէ փաստաթուղթ չի պահպանվել գործատուի կողմից», - պարզաբանեց Բաղդասարյանը։

5 տարի Լոռու մարզպետարանում աշխատած Արշակ Բաղդասարյանը պնդում է, որ իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահակյանն է մարզպետի անունից իրեն պահանջել աշխատանքից ազատվելու դիմում գրել, սպառնացել քրեական գործ հարուցելով։

Մարզպետարանի իրավաբանը չի հերքում՝ Բաղդասարյանի հետ զրույց ունեցել է, բայց հրաժարվում է մանրամասնել դրա բովանդակությունը։ Նա շեշտում է, որ իրավապահներն այդ զրույցի բովանդակության մեջ հանցակազմ չեն գտել։

«Ուրեմն դա նախաքննական գաղտնիք է, ես ասացի՝ քրեական գործը մերժվել է, սակայն կարող է հետագայում դա մեկնաբանվել ոչ ճիշտ։ Խոսակցություն եղել է և իմ կողմից համապատասխան բացատրություն է ներկայացվել քննչական բաժին, դրա արդյունքում քրեական գործ հարուցելը մերժվել է», - ասաց Ալիկ Սահակյանը։

Մարզպետարանի արդեն նախկին աշխատակիցը նշում է, որ իր հայտարարությունների հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու իրավապահների որոշումը չի բողոքարկի, քանի որ, ըստ նրա, իրեն ուղղված բոլոր սպառնալիքներն ու ճնշումները բանավոր բնույթ են ունեցել, այդ մասին որևէ իրեղեն ապացույց չունի։ Նա միաժամանակ անհիմն է համարում 5 տարի առաջ իր՝ մարզպետարան ներկայացրած փաստաթղթերի մասով քրեական գործի հավանականությունը, շեշտում է՝ աշխատելու ընթացքում երկու անգամ քաղծառայության քննություն է հանձնել, եթե խախտում լիներ, այդ ժամանակ կհայտնաբերվեր։