Մեկ օրում ջրհեղեղ ու հրդեհ Երևանում

Մեկ օրում երկու արհավիրք Երևանում. ջրհեղեղի ու հրդեհի այսօր երևանցիներն ականատես եղան միաժամանակ։

Վաղ առավոտից ֆեյսբուքյան օգտատերերը ահազանգեցին, որ Նուբարաշենի խճուղում խմելու ջրի խողովակների վթարի հետևանքով ջուրը լցվել է ճանապարհի երթևեկելի հատվածը՝ դժվարացնելով մեքենաների տեղաշարժը։ Ճանապարհը կես մետրից ավելի խորությամբ ջրով էր ծածկվել։ Առավել համարձակները հաղթահարում էին ջրային արգելքը, բայց, փաստորեն, ռիսկն այս դեպքում այդքան էլ արդարացված չէր։

Տասնյակից ավելի մեքենաներ վնասվել են՝ մեքենաներից պլաստմասե կտորներ ու պետհամարանիշեր են պոկվել ու մինչ Ջրմուղկոյուղու աշխատակիցները վթարի վերացման աշխատանքներով էին զբաղված, վարորդները պղտոր ջրում իրենց պետհամարանիշերն էին որսում՝ ասվածի ամենաուղիղ իմաստով։ Համարները հերթով գտնում էին, իրար աչքալուսանք տալիս, տարոսը բախտակից մյուս քաղաքացիներին մաղթում, իսկ նրանց թիվը փոքր չէր։

«Իմ ավտոն հենա, շիթի տակի կեսը պոկվելա, կորելա, սպասում ենք ջուրը քաշվի, որ գտնենք, համարներ գտել, հանել ենք դուրս, որ մարդիկ գան գտնեն», - ասաց քաղաքացիներից մեկը:

Վթարվել էր 600 մմ տրամագծով Նոր Արեշ և Վարդաշեն թաղամասը սնուցող ջրագիծը՝ մեզ տեղեկացրեց «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչը։

«Ահազանգը ստանալուց հետո 9:10-ից արդեն սկսել են աշխատանքները: Ճանապարհը, որ փոս ա, ջրահեռացման համակարգ գոյություն չունի այդտեղ, ժամանակին մի հատ ինքնաշեն խողովակ են տեղադրել, որ գնա լցվի կողքի ձորը անձրևների ու նման խնդիրների ժամանակ. հետո բնակիչների կողմից էլ բերել խողովակի վրա շինաղբ էին լցրել, որի պատճառով դիմացը փակվել էր: Այդ ամեն ինչը մեր կողմից չի սպասարկվում, ուղղակի երթևեկությունը վերականգնելու, մարդկանց օգնելու համար մեր կողմից դիմացը բացեցինք, որ ջուրը տանի, երթևեկությունը վերականգնվի», - ասաց «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչ Մխիթար Գալստյանը:

Վթարի ու դրա հետևանքների վերականգման համար ջրազրկվել էին Նոր Արեշն ու Վարդաշենը, վերանորոգման աշխատանքները մոտ 7 ժամ պահանջեցին։ Նաև ջրի մեծ կորուստ եղավ, 1 ժամ շարունակ 1 վայրկյանում 40-45 լիտր ջուր է հոսել։

Օրվա մյուս աղետը գրանցվեց Կենտրոնում. Սարյան փողոցը Մանկական երկաթուղուն կապող թունելում էլ վաղ առավոտից հրշեջները կրակի ու ծխի հետ էին կռիվ տալիս։ Վաղ առավոտից Հրազդանի կիրճի թունելում սև ծխացող ամպը չի նոսրանում, այստեղ երկու թունել կա, և դրանիցից մեկում, որը չէր շահագործվում, հոսանքի մաուլխները գետնի տակ բռնկվել են, ծխի ամպը դժվարացնում է շնչելը, իսկ հարակից 2 փողոցներում բնակելի շենքեր են։

Մի քանի ժամ շարունակ սև ծխի ամպը մեկ նոսրանում էր, մեկ խտանում։ Քամին ծուխը տարածում էր՝ բնակելի շենքերի ուղղությամբ։ Ծխի պատճառը հրդեհն էր, որ բռնկվել էր լուսադեմին՝ այրվում էին թունելով անցնող 6000 վոլտ բարձր լարման շուրջ 30 հոսանքալարերը։ Թանձր ծխի ամպն ու բարձր ջերմությունը դժվարացնում էր փրկարարների աշխատանքը։ Թունելը 1 կմ 800 մ երկարություն ունի։

«Հետախուզությունը զեկուցեց, որ գտել են օջախը, հորերը բացելով ծխապատ գոտում գտել ենք, մի 10 րոպեից աշխատանքները կսկսենք, ուժերն ենք վերադասավորում», - ասաց ԱԻՆ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Արթուր Ոսկանյանը:

Հրդեհաշիջման աշխատանքները իրականացվել են թունելի տակ, որտեղով անցնում էին հոսանքալարերը։

«Գրեթե ամբողջ փոքր կենտրոնի այլընտրանքային հոսանքի աղբյուր է սա հանդիսանում, մենք ունենք դրա այլընտրանքայինը, և հիմա պետք է որ բոլորը հոսանքով ապահովված լինեն: Շատ կարճ ժամանակում հնարավոր է եղել անցնել լրացուցիչ սնուցման ու անհանգստություն աշխատում ենք չպատճառել մեր ազգաբնակչությանը», - նշեց ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

Եթե բարձրավոլտ հոսանքի դեպքում խնդիրը հնարավոր է եղել լուծել լրացուցիչ սնուցման միջոցով, ապա ցածր լարման հոսանքի դեպքում, որով ապահովվում է տարածքի բնակիչների էլեկտրաէներգիան, խնդիրը կլուծվի տեղում աշխատանքների ավարտից հետո։

Դեպքի վայրում աշխատում էր հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումների հերթապահ խմբերը։ Հրդեհաշիջման աշխատանքները տևել են մի քանի ժամ, աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ ծխահարվել է, այլ քաղաքացիներ չեն տուժել։