Ղրղըզստանի նախագահի գրասենյակի հավաստմամբ՝ իրավիճակը Տաջիկստանի հետ սահմանին կայունացել է

Ղրղըզստան - Ուժայինները Տաջիկստանի հետ սահմանամերձ գոտում, Բատկեն, 29-ը ապրիլի, 2021թ․

Իրավիճակը Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին կայունացել է: Այդ մասին այսօր առավոտյան հաղորդել է Ղրղըզստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Ղրղըզստանի Հանրապետության Բատկենի շրջանում իրավիճակը կայունացել է և գտնվում է երկրի նախագահի վերահսկողության ներքո: Բատկենի շրջանում գործում է աշխատանքային խումբ, որը գլխավորում է Ղրղըզստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արտյոմ Նովիկովը: Աշխատանքային խումբը ժամանումից ի վեր ձեռնարկել է մի շարք միջոցառումներ հակամարտությունը լուծելու համար», - ասված է հաղորդագրությունում։

Սադիր Ժափարովի մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ «միջոցներ են ձեռնարկվում պետական սահմանին լարվածության աճը կանխելու համար»:

«Ներկայումս կարիք չկա կամավորներ ուղարկել սահմանային շրջան: Ղրղըզստանի քաղաքացիները պետք է այս աշխատանքը վստահեն համապատասխան պետական մարմիններին, որոնց ներկայացուցիչները գտնվում եմ Ղրղըզստան-Տաջիկստան պետական սահմանի հատվածում: Լարվածության օջախը մարվել է, իրավիճակը կարգավորվել է բանակցությունների ընթացքում», - ասվում է հաղորդագրությունում:

Վերջին օրերին երկու երկրների սահմանին արյունալի բախումների հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, 120-ից ավելին վիրավորվել են։