Արյունալի բախումներ Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին. ջրատարի շուրջ տեղացիների միջև ծագած վեճը հանգեցրել է փոխհրաձգության երկու երկրների սահմանապահների մասնակցությամբ, պաշտոնական վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 13 մարդ՝ այդ թվում երեխա, հաղորդվում է 120-ից ավելի վիրավորների մասին։
Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի անդամներ Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև զինված բախումները տեղի էին ունենում նույն րոպեներին, երբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարները հակամարտող երկրներից մեկի մայրաքաղաքում՝ Դուշանբեում նիստ էին անցկացնում։ Դաշնակիցները քննարկում էին Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերմանը վերաբերող հարցեր, մինչդեռ ռազմական կառույցի երկու անդամների միջև արյունահեղություն էր տեղի ունենում, Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանամերձ տների բնակիչներին տարհանում էին, տեղերից հաղորդում էին զոհերի և ծանր վիրավորների մասին։ ՀԱՊԿ նիստի ընթացքում ոչ միայն չդատապարտեցին, այլ նաև որևէ կերպ չանդրադարձան արյունալի այդ բախումներին։
Հարևան երկրների միջև լարվածությունը սկիզբ է առել չորեքշաբթի ուշ երեկոյան։ Տաջիկստանի սահմանապահները տեսահսկման խցիկներ էին տեղադրել սահմանին գտնվող ջրաբաշխիչ կետի մոտ, ինչին ի պատասխան՝ ղրղըզական կողմը պահանջել էր ապամոնտաժել դրանք, ապա երկու երկրների բնակիչները սկսել էին քարեր նետել միմյանց ուղղությամբ։ Ըստ պաշտոնական Դուշանբեի՝ առաջինը կրակ են բացել ղրղըզ զինծառայողները, որոնք փորձել են գրավել «Գոլովնոյ» կոչվող ջրաբաշխիչ կետը։ Ղրղըզական կողմը տրամագծորեն հակառակն է պնդում՝ տաջիկ զինվորականներն են առաջինը կրակել։
Ժամեր շարունակված զինված բախումներից և զուգահեռ անցկացված բանակցություններից հետո ի վերջո երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունները հայտարարեցին հրադադարի շուրջ պայմանավորվածության մասին՝ խոստանալով ետ քաշել զորքը և խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։
Մարդկային զոհերի հանգեցրած լարվածության կապակցությամբ մտահոգություն են հայտնել հարևան երկրները՝ Ուզբեկստանը, Ղազախստանը, պատրաստակամություն հայտնելով աջակցել լարվածությունը թուլացնելու հարցում։
Հակամարտող երկրների ռազմավարական դաշնակից Մոսկվան, սակայն, լուռ էր՝ ուսումնասիրում էր իրավիճակը՝ խոստանալով գնահատական հնչեցնել ուսումնասիրություններից հետո։ Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Կռվախնձոր դարձած ջրաբաշխիչ կետի պատկանելության շուրջ երկու հարևանների միջև վեճը շարունակվում է տասնամյակներ։ Տաջիկստանի և Ղրղըզստանի պետական սահմաններն անցնում են հենց այդ ջրաբաշխիչ կետի կողքով, 1968 թվականից ի վեր այն օգտագործվում է ինչպես Տաջիկստանի և Ղրղըզստանի, այնպես էլ երրորդ հարևան Ուզբեկստանի սահմանամերձ շրջանների ոռոգման և ջրամատակարարման համար։
Տաջիկստանն ու Ղրղըզստանը բաժանում է ավելի քան 900 կիլոմետր երկարությամբ ձգվող պետական սահման, որի կեսը սահմանազատված չէ։ Պայմանական գիծը հաճախ անցնում է ճանապարհի վրայով կամ բնակելի շրջաններով, ինչի պատճառով էլ տեղացիները խնդիրների են բախվում ջրի, արոտավայրերի, ճանապարհների հասանելիության հարցերում։