Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գի Տեսիեին, Ֆրանսուա Պուպոնիին, Վալերի Բուայեին, Մարգրիտ Դըպրե-Օդըբերին և Քսավիե Բրետոնին:
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին ֆրանսիական կողմից նման բարձր ներկայացվածությունը համամարդկային արժեքներին և արժանապատվությանը Ֆրանսիայի աներեր հանձնառության վերահաստատումն է:
ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Ֆրանսիայի ԱԺ ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Բարձր են գնահատվել խորհրդարանական հարթակում ձևավորված սերտ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Այս համատեքստում Արա Այվազյանը խորհրդարանականների ուշադրությունն է հրավիրել Արցախում ստեղծված հումանիտար իրադրության, արցախահայության առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների և դրանց հասցեագրման հրատապության վրա: