Հրկիզվել է Գանդիի արձանը. պետական կառույցները քննադատում են, պատմաբանը փաստեր է հիշեցնում

Կրակի մատնված Մահաթմա Գանդիի արձանի լուսանկարը ողողեց համացանցը։ Գիշերը անհայտ անձինք հրկիզել էին արձանը, որի տեղադրումից հետո հակասական կարծիքների տարափ էր սկսվել։ Հնդիկ առաջնորդի արձանի տեղադրումը քննադատողները մեջբերում էին Գանդիի հայատյաց գործունեությունն ու Հայոց ցեղասպանության մերժումը։

Պատմաբան Էդիկ Գևորգյանը ևս պաշտպանում է քննադատողների տեսակետը. «Այսօրվա լարված պայմաններում չէր կարելի այս իրավիճակին նորից մեկ ուրիշ խնդիրներ առաջացնել։ Պատմական հուշարձաններ կանգնեցնելիս պետք է խիստ հաշվի առնենք, թե ինչ է, որպեսզի վաղը մեր սերունդներին կարողանանք ցույց տալ, համոզել և ասել, թե նրանք ինչ կապ ունեն մեր պատմության հետ»։

Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը` առանց չարության, կրակոցների։ Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ: Գանդին նաև մարդու իրավունքների պաշտպան էր, նրա ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ը Հնդկաստանում նշվում է իբրև ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում որպես «Ոչ բռնության» օր:

«Իր ժողովրդի համար էր պայքարում, շատ ճիշտ էր անում, ընդհանուր միջազգային խնդիրներ էր քննարկում որպես կոնգրեսի անդամ, բայց նա չէր կարող ծանոթ չլինել հենց իր ապրած ժամանակներում Հայոց մեծ ցեղասպանությանը, որ տեղի ունեցավ նրա աչքի առաջ, և նա` որպես ազգային ազատագրական գործիչ, իմ խորին համոզումով, պարտավոր էր եթե ոչ տվյալ պահին, հետագայում արդեն իր գործունեության ընթացքում անդրադառնալու, չի անդրադարձել։ Դրան ավելացրած` կան պատմական սկզբնաղբյուրներ, որոնց համաձայն` 1923թ.-ին, նամակագրություն կա Աթաթուրքի հետ, և բացի դրանից նույն Գանդին 150 հազար ֆունտ ստերլինգ է փոխանցել քեմալականներին՝ քեմալական շարժման համար», - ասում է պատմաբանը։

Հնդկաստանի առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանը Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու որոշումը Երևանի ավագանին կայացրել է դեռ նախորդ տարվա ապրիլի 18-ին՝ 43 «կողմ», 2 «ձեռնպահ» ձայներով։ Մինչ այս որոշումը որևէ քննադատություն չի եղել, հիշում է ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։ Քննադատությունները սկսվեցին որոշման հաստատելուց հետո միայն. «Գանդիի արձանը ցանկություն ուներ նախաձեռնողը, որ Երևանի կենտրոնում տեղադրվի, հանձնաժողովը միանշանակ դեմ եղավ, իսկ բուն արդեն քվեարկության օրը կար հանձնաժողովի դրական կարծիքը, և բնականաբար տեղեկանքում էլ որևէ բան չկար Գանդիի` Հայոց ցեղասպանության հետ կապի մասին»։

Որոշման համար հիմք է հանդիսացել Հայաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկը, արտաքին գերատեսչությանն էլ իր հերթին դիմել էր հնդկական կողմը՝ Գանդիի 150-ամյակի կապակցությամբ։ Այսօր Արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է արձանի հրկիզումը՝ տեղի ունեցածը որակելով սադրանք՝ ուղղված դարավոր և դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ:

Տեղադրումից հետո բողոքի ակցիաներ կազմակերպվեցին, արձանի վրա ձվեր նետվեցին։ Երևանի քաղաքապետարանը ևս խստորեն դատապարտում է ցանկացած հուշարձանի նկատմամբ նման անարգ վերաբերմունքը, ասում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը. «Հուսով ենք, որ իրավապահ մարմինները կտրուկ և համարժեք գործողությունների կդիմեն, ավագանին համակողմանի ուսումնասիրություն է անում, նաև կարծեմ խորհրդակցություններ է անցկացրել մասնագիտական և գիտական հանրության ներկայացուցիչների հետ` հարցի տարբեր ասպեկտները և նրբությունները հաշվի առնելու հետ կապված»:

Նման քայլը հատկապես այն պահին, երբ հայ-հնդկական հարաբերությունների զարգացման իրական հնարավորություններ են նշմարվում, քննադատում է նաև ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը. «Վերջին շրջանում տեսնում ենք` Հնդկաստանի ուղղությամբ շատ առողջ գործընթացներ են. ռազմարդյունաբերության նախարարի հետ հանդիպում եղավ, Իրանում Հնդկաստանի դեսպանի հայտնի հայտարարությունը Եվրասիական տնտեսական միության հետ կապվելու որպես Հայաստանի համար իրենց նախընտրած ճանապարհ: Կարևոր հիմքեր են, որ մենք չափազանց ուշադիր և զգույշ լինենք»:

Արման Բաբաջանյանը կարծում է, որ հուշարձանների նկատմամբ նման արարքները պետք է քրեորեն պատժվեն, առաջիկայում հանդես կգա նման նախաձեռնությամբ։ Բացի այդ, պատգամավորը կարևորում է նաև հուշարձանների պահպանության համար հատուկ ռեժիմի սահմանումը։ Այսօր հատուկ պահպանվող մշակութային հուշարձանները գտնվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հսկողության ներքո, իսկ այդ ցանկից դուրս գտնվող հուշարձաների նկատմամբ հատուկ հսկողություն չկա, հանձնված է համայնքի հսկողությանը, իրավակարգն էլ պահպանում է ոստիկանությունը, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։