«Մի թույլ տվեք, որ ձեր անունը խայտառակվի», Արծվիկ Մինասյանը դիմում է իրավապահներին

Հայ հեղափոխական դաշնակցությունը բողոքի ակցիա է անցկացնում դատախազության շենքի դիմաց: Կուսակցությունն իր ավելի վաղ տարածած հայտարարությամբ շեշտել էր, որ իրավապահ մարմինների կողմից ՀՅԴ ներկայացուցիչների դեմ վերջին ժամանակաշրջանում Երևանում ու մարզերում իրականացվում են քաղաքական հետապնդումներ:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարությամբ պահանջում է իրավապահներից մնալ բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում, չարժեզրկել պետական ինստիտուտները, «չդառնալ օրվա իշխանությունների քաղաքական կամակատարը», ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու քաղաքացու օրինական շահերին։

Կուսակցության ներկայացուցիչներից Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը նշեցին, որ դատախազությանը չի կատարում սահմանադրական իր պարտավորությունները, ծառայում է օրվա իշխանությանը։ Ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ Սյունիքի դեպքերից հետո ձերբակալությունների նոր շարք սկսվեց քաղաքացիների նկատմամբ:

«Ես նաև դիմում եմ այն արժանապատիվ դատախազներին, քննիչներին և ոստիկանության աշխատակիցներին` մի թույլ տվեք, որ ձեր անունը խայտառակվի այն անպատկառ ու անպատասխանատու գործընկերների գործողությունների արդյունքում, որոնք չեն կատարում օրենքով և Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունը», - հորդորեց Մինասյանը:

Այսօր Քննչական կոմիտե էին հրավիրել Դաշնակցության մի քանի անդամներ: Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայտարարությունը, թե ՀՅԴ մի քանի ներկայացուցիչներին այսօր Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարցաքննության կանչելը հետևանք է այսօր ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիա իրականացնելու ՀՅԴ Գերագույն մարմնի՝ երեկ արած հայտարարության, ճիշտ չէ:

«Հարկ եմ համարում պարզաբանել, որ դրանք բացարձակապես իրար հետ կապ չունեցող բաներ են: Հարցաքննության հրավիրվելու վերաբերյալ ծանուցագրերը կոնկրետ քրեական գործով առձեռն նշված անձանց սկսել են փոխանցվել՝ սկսած դեռևս ապրիլի 27-ից: Մասնավորապես՝ Արծվիկ Մինասյանին ստացականով, ծանուցագիրը առձեռն փոխանցվել է ապրիլի 27-ին, Գերասիմ Վարդանյանին՝ ապրիլի 28-ին, իսկ Գեղամ Մանուկյանին՝ ծանուցագիրը հնարավոր է եղել փոխանցել միայն այսօր առավոտյան՝ ավելի վաղ տեխնիկական պատճառներով դա իրականացնելը չհաջողվելու պատճառով: Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանին և Տարոն Տոնոյանին, ապա նրանք որևէ գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն չեն հրավիրվել:

Այսինքն նշվածներից առանձին անձինք քննչական գործողությանը իրենց մասնակցության մասին տեղեկացված են եղել դեռևս ապրիլի 27-ից, ինչը նշանակում է, որ չի կարող ծանուցագրերի փոխանցումը, հարցաքննությունների հրավիրվելը որևէ կերպ պայմանավորված լինել Դատախազության առջև նախատեսված ակցիայի հետ:

Իսկ եթե կարող է լինել պատճառահետևանքային կապ, ապա՝ ավելի շուտ հակառակ տրամաբանությամբ», - գրել էր նա: