Միշուստինը Փաշինյանին փոխանցել է Պուտինի «ջերմ բարեմաղթանքները»

ՌԴ և ՀՀ վարչապետեր Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը, արխիվ, Երևան, 9 հոկտեմբերի, 2020թ.

Կազանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Նախևառաջ ցանկանում եմ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից ձեզ փոխանցել ջերմ ողջույններ և լավագույն մաղթանքներ»,- ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ ասել է Միշուստինը Փաշինյանին:

Նա ընդգծել է, որ «Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք ունեն երկարատև միութենական և ռազմավարական բնույթ»:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ պատերազմի ավարտին ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հայտարարությունից հետո ստեղծվել են համատեղ աշխատանքի լավ հնարավորություններ:

«Առաջին հերթին խոսքը տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և ենթակառուցվածքային նոր երթուղիների ստեղծման մասին է, այդ ամենը Հարավային Կովկասին կընձեռի կայուն զարգացման պայմաններ», - ասել է Ռուսաստանի վարչապետը Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին: