Քաղհասարակությունը մտահոգված է՝ ԱԺ ընդունած փաթեթից դուրս են մնացել ընտրարշավի ֆինանսավորման խախտումները

Քաղհասարակության ներկայացուցիչները մտահոգված են, որ երեկ Ազգային ժողովում ընդունված օրենսդրական փոփոխությունների փաթեթում ներառված չեն քարոզարշավի ֆինանսավորման կարգի խոշոր խախտումների մասին հոդվածները, չնայած այն հանգամանքին, որ դրանք նախնական տարբերակում եղել են։

Փաթեթի մշակմանը մասնակցած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասում է՝ այդ դրույթը դրական էին գնահատել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական մարմնի՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները։

«Թեև Ընտրական օրենսգրքով արգելված է որոշակի աղբյուրներից ֆինանսավորում հայթայթելը, արգելված է մեկ անձի կողմից ավելի քան 500 հազար դրամ, իսկ թեկնածուի կողմից ավելի քան 5 միլիոն դրամ նախընտրական քարոզարշավի հիմնադրամ վճարումներ կատարելը և այլն, բայց այդ մեխանիզմների շրջանցման համար որևիցե պատիժ նախատեսված չէ։ Ընտրական օրենսգրքում այդ կարգավորումը կա շատ վաղուց, դա ինչ-որ նոր խաղի կանոն չէր, միայն սահմանվում էր պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ որ ավելի քան մեկ միլիոն դրամով խախտվում էր այդ սահմանաչափը և, ընդ որում, այդ մեկ միլիոն դրամն էլ կարելի էր քննարկել և ավելի բարձր նույնիսկ շեմ դնել, բայց այդ բոլոր հոդվածները հանվեցին, ինչը նշանակում է, որ քարոզարշավի ժամանակ կուսակցությունները կարող են անպատիժ ներգրավվել ապօրինի ֆինանսավորում, մեկ անձը, կամ մի քանի անձ ամբողջ կուսակցության քարոզարշավը ֆինանսավորի, այսինքն՝ օլիգարխիկ դրսևորումների ականատեսը լինենք, նույնիսկ օտարերկրյա ֆինանսավորում լինի, և այդ արարքների համար որևիցե պատասխանատվություն չլինի», - ասաց Իոաննիսյանը։

Ազգային ժողովը երեկ միաձայն՝ 77 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։

Իշխանականները հայտարարեցին՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթով կբերվեն նաև քաղհասարակության կողմից հիշատակված դրույթները։ Նկատենք, սակայն, ամենայն հավանականությամբ հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրություններում, այդ փոփոխություններն արդեն կիրառելի չեն լինի։