Նախագահը գերիների հարցով նամակներ է հղել ԵԽ և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին

Նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Շարունակելով միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հրատապ խնդրին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սարգսյանը ԵԽ գլխավոր քարտուղարին և Եվրախորհրդին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և կազմակերպությանը կոչ է արել միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձն ապահովելու համար:

Ընդգծելով, որ 2020 թվականը Հայաստանի համար դժվար տարի էր ոչ միայն կովիդի, այլև շատ ավելի ծանր՝ սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ակտիվ աջակցությամբ ու ուղիղ մասնակցությամբ իրականացված պատերազմի պատճառով, նախագահ Սարգսյանը նշել է.

«Չնայած միջազգային հանրության կողմից պատերազմն անհապաղ դադարեցնելու պարբերական կոչերին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զանգվածաբար և միտումնավոր կերպով թիրախավորում էր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ կոպտորեն ոտնահարելով մարդու իրավունքներն ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Այս ամենը հանգեցրեց հազարավոր երիտասարդ կյանքերի կորստի, հազարավորների հաշմանդամության, բնակչության տեղահանման ու հայկական պատմական ու մշակութային ժառանգության ոչնչացման ու ավերման:

Պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք են գերեվարվել, նրանք ենթարկվում են խոշտանգումների և արժանանում անմարդկային վերաբերմունքի Ադրբեջանի կողմից»:

Շեշտելով, որ այսօր Արցախում հումանիտար իրավիճակին անդրադառնալն առաջնային խնդիր է, և միջազգային հանրության կողմից հրատապ ուշադրություն է պահանջվում, Հայաստանի նախագահը չափազանց կարևոր է համարել, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից:

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 -ը։

Ադրբեջանը, սակայն, հաստատել է 72 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 56-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։