Զարիֆի ձայնագրության հրապարակումը Իրանի թշնամիների ձեռքի գործն է, պնդում է Ռոհանին

Իրանի նախագահ Հասան Ռոհանի և ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

«Արտգործնախարար Զարիֆի հայտարարությունների հրապարակումը Իրանի թշնամիների ձեռքի գործն է», - այսօր Թեհրանում կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

«Ձայնագրությունների հրապարակման նպատակը Իրանում ներքին խժդժությունների հրահրումն է։ Դա տեղի է ունենում այն պահին, երբ միջուկային ծրագրի ապագային նվիրված բանակցությունները հաջողության գագաթնակետին են հասել», - ասել է Իրանի նախագահը։

Մոհամադ Ջավիդ Զարիֆի սկանդալային խոստովանություններով 3-ժամանոց ձայնագրությունը, որում Իրանի արտգործնախարարը խստորեն քննադատում էր երկրի ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ դիվանագետների աշխատանքին միջամտելու համար, հրապարակվեց անցած շաբաթավերջին՝ Լոնդոնում գտնվող Iran International ընդդիմադիր հեռուստաալիքի կողմից։

Զարիֆն այսօր առաջին անգամ մեկնաբանել է այդ ձայնագրությունը՝ մասնավորապես ասելով․ - «Ես պարզապես հանդես եմ գալիս իշխանության ռազմական և դիվանագիտական թևերի միջև հարաբերությունների խելամիտ հստակեցման օգտին»։