Ընտրախախտումների համար պատիժները խստացնող օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց

«Իմ քայլ»-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, արխիվ

Իշխանությունները նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար ավելի խիստ պատասխանատվություն սահմանեցին։ Խորհրդարանում այսօր արտահերթ նիստի շրջանակում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը:

Առաջարկվող փոփոխությունների փաթեթի հեղինակ՝ «Իմ քայլ»-ից Վահագն Հովակիմյանն ընդգծեց՝ սա առաջարկներից մեկն է, իսկ ընդհանուր առմամբ օրենսդրական այս նախաձեռնությամբ փորձ է արվում նախևառաջ կանխել խախտումները, իսկ խախտելու դեպքում պատիժն ավելի խիստ կլինի, քան նախատեսում է գործող օրենքը։

«Մինչև հեղափոխությունը ընտրությունների ժամանակ հիշում եք ընտրությունների դեպքերից, երբ որ ինչ-որ խմբեր փորձում էին ընդդիմության քարոզարշավը խոչընդոտեին, հետո մնում էին անպատիժ, որովհետև այս նորմը չկար: Այս նորմն այլևս կստիպի բոլոր այն անձանց, ովքեր կփորձեն քարոզարշավը խոչընդոտել, կապ չունի քաղաքական հայացքներից՝ դիմություն, ընդդիմություն, եթե որևէ մեկը փորձի խոչընդոտել քարոզարշավը, ինքը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության», - նշեց Հովակիմյանը:

Քրեական օրենսգրքում փոփոխություններից մեկով էլ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում: Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքում նախկին 6 ամսից մինչև 1 տարի ազատազրկումը փոխարինվում է առավելագույնը երեք տարվա պատժաչափով։

Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար քրեական պատասխանատվություն ևս. առավելագույնը 6 տարի ազատազրկում:

Ըստ իշխանական պատգամավորի՝ ներկայիս Քրեական օրենսգրքում բացեր կան նաև ընտրակաշառքի մասով։ Առաջարկվող փոփոխությունով՝ ցանկացած անձ քրեական պատասխանատվության կենթարկվի, առավելագույնս 5 տարի ազատազրկմամբ, եթե փորձի նյութապես շահագրգռել մարդկանց հավաքին մասնակցելու կամ դրանից հրաժարվելու նպատակով:

«Եթե անձն ընտրակաշառք է բաժանում, բայց ասում է՝ ես ընդհանրապես կապ չունեմ որևէ քաղաքական ուժի հետ, թաքցնում է, ու ասում է՝ դե ապացուցեք, որ կապ ունեմ, այդ դեպքում ինքը այդ հոդվածի տիրույթից դուրս է գտնվում: Այս լրացումը նրա համար է, որ ցանկացած ոք, ով ընտրությունների նշանակումից հետո կփորձի ընտրակաշառք բաժանել, ինքը ենթարկվի քրեական պատասխանատվության», - ասաց Հովակիմյանը:

Իշխանությունում վստահ են՝ այս կարգավորումներն էական ազդեցություն կունենան առաջիկա արտահերթ ընտրությունների վրա։

«Կարող եմ գրազ գալ Ձեզ հետ պարոն Հովակիմյան, որ այս փոփոխությունները իրականացնելուց հետո այս խախտումները տեղ են գտնելու ընտրական գործընթացի ժամանակ, ընտրությունների օրը», - ասաց Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Որևէ կուսակցությունում չընդգրկված ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կասկածի տակ է դնում օրենսդրական այս փաթեթը՝ շեշտելով՝ «Իմ քայլը» ոչինչ չարեց, որպեսզի նախկին իշխանությունը, պատգամավորի խոսքով, այսօր օրակարգ չթելադրի:

«Դուք ուղղակի չգիտեք ձեր գլխի գալիքը և թե ինչ արհավիրք եք բերել: Մենք հիմա խելոք նստել մտածում ենք՝ էլ ինչ անենք, որ Քոչարյանին ու նրա մյուս դավաճան գործակիցներին ու հանցակիցներին թույլ չտանք, որ ընտրությունների վրա կարողանան հնարավորինս քիչ ազդեցություն գործել: Ես հեռու եմ այն մտքից, որ այս փոփոխություններով մեզ հաջողվելու է հիմնարար լուծումներ գտնել ընտրական պրոցեսը ազատ, արդար և թափանցիկ, ինչպես դուք էիք նշում, անցկացնել», - նշեց Բաբաջանյանը:

«Իմ քայլի» նախաձեռնությունը, ըստ էության, զրկում է ընդդիմությանը ընտրություններին մասնակցելու համար միջոցներից: Խոսքը նվիրատվությունների մասին է, ԼՀԿ-ից Անի Սամսոնյանի դիտարկում էր:

«Ընդդիմությունը չունի որևէ լծակ մարդկանց հարկադրելու նվիրատվություն կատարել իր կուսակցության կամ հիմնադրամի օգտին, բայց այլ հարց է, օրինակ, իշխանությունը, որը ունի գործադիր, վարչական լծակներ և անուղղակիորեն կարող է որոշակի միջոցներ գործադրել, օրինակ, գործարարներին՝ նվիրատվություն կատարելու նախընտրական հիմնադրամի կամ նախընտրական քարոզչության համար», - ասաց Սամսոնյանը:

Փաստաթուղթը դեռ պետք է հաստատվի նախագահի ստորագրությամբ։ Իսկ եթե չստորագրի և Սահմանադրական դատարան ուղարկի՞, ինչպես արել է վերջին մի քանի խոշոր օրենսդրական փոփոխությունների դեպքում, ապա հարցը ամիսներով կձգձգվի, իսկ ընտրությունները սարերի ետևում չեն, հարց բարձրացրին պատգամավորներից մի քանիսը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ նախագահը տեղյակ է առաջարկվող փոփոխություններից, սպասում են արձագանքին, անհրաժեշտության դեպքում պատրաստ են քննարկել առանձին դետալները, նախագահականից պատասխան դեռևս չեն ստացել։