Ընտրախախտումների համար պատիժները խստացնող օրինագծերի փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ

«Իմ քայլ»-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, արխիվ

Իշխանությունները նախատեսում են նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար ավելի խիստ պատասխանատվություն սահմանել։ Խորհրդարանում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվեց ու ձայների 79 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու կից ներկայացված օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը:

Առաջարկվող փոփոխությունների փաթեթի հեղինակ՝ «Իմ քայլ»-ից Վահագն Հովակիմյանն ընդգծեց՝ սա առաջարկներից մեկն է, իսկ ընդհանուր առմամբ օրենսդրական այս նախաձեռնությամբ փորձ է արվում նախևառաջ կանխել խախտումները, խախտելու դեպքում էլ պատիժն ավելի խիստ կլինի, քան նախատեսում է գործող օրենքը։

Քրեական օրենսգրքում մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ևս նախատեսել քրեական պատասխանատվություն: Նախագծի հեղինակը պնդեց, թե նախկին դառը փորձի պատճառով են խստացնում Քրեական օրենսգիրքը։

Ըստ իշխանական պատգամավորի՝ ներկայիս Քրեական օրենսգրքում բացեր կան նաև ընտրակաշառքի մասով։ Մասնավորապես ընտրողներին կաշառելուն առնչվող դրույթը առաջարկվում է վերանայել․ փոփոխությունը ենթադրում է, որ ցանկացած անձ քրեական պատասխանատվության կենթարկվի ընտրակաշառք առաջարկելու դեպքում։

Իշխանությունում վստահ են՝ այս կարգավորումներն էական ազդեցություն կունենան առաջիկա արտահերթ ընտրությունների վրա։

Մանրամասները՝ քիչ անց