44-օրյա պատերազմի ընթացքում թևը կորցրած 35-ամյա Արտյոմ Հովսեփյանը դեռ չի պատկերացնում՝ ինչ աշխատանք պետք է գտնի, ինչ մասնագետ պիտի դառնա՝ կյանքը շարունակելու համար։ Ռազմական գործողությունների ժամանակ Մարտունիում էր. կենաց մահու կռվում հաղթեց, հիմա պետք է շարունակի ապրելու պայքարը։
«Անգիտակից բերել են ստեղ ինձ հույս էլ չէին տալիս, ես էլ հետո եմ իմացել, որ տենց ա եղել: Բժիշկներն ասել են՝ եթե ինքը իրա հետ պայքարի, ապրելու ա, եթե չէ, չէ, որովհետև մենակ թևս չի եղել, սրտիս տակով էլ ա ասկոլկա մտել, թոքերի սալջարդ, աջ աչքս էլ երկու անգամ վիրահատած է», - ասաց Հովսեփյանը:
Երկու անչափահաս երեխաների հայրը, որ մասնագիտությամբ զինվորական էր՝ սպա, հիմա առաջին կարգի հաշմանդամ է, զինվորականի կարիերան այլևս անցյալում է։
Ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին մայիսի 1-ից հետո աշխատանքի ընդունող գործատուներն աջակցություն կստանան։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը յուրաքանչյուր այսպիսի աշխատողի համար գործատուին կտրամադրի 100 հազար դրամ՝ աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի համար՝ եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։
Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը կարծում է, որ սա խթան կլինի գործատուների համար, որոնք պատերազմի ժամանակ էլ տարբեր օգնություններ էին առաջարկում զինվորներին։ Կլինի նաև միանվագ փոխհատուցում՝ 500 հազար դրամի չափով՝ աշխատատեղը հարմարեցնելու համար։
«Պայմանավորված առաջարկից և պահանջարկից ծրագրի նկատմամբ, արդեն հաշվարկները կիրականացվեն և համապատասխան չափով մեր այլ ծրագրերից վերաբաշխումներ կիրականացվի այս ծրագրին: Նաև շատ դեպքերում գործատուները ցանկություն ունեն, բայց ֆինանսական հնարավորություններն էլ պետք է կարողանան մեկտեղել: Նախագծով առաջարկվում է իրենց համար այդ խնդիրը կարգավորել թեկուզ որոշակի չափով միայն հարկերի տեսքով՝ հետ վերադարձնելու միջոցով», - ասաց Սարգսյանը:
Ծրագիրը դեռ ապրիլի սկզբին էր հաստատվել կառավարությունում, հիմա կարգ է մշակում, վերջնական տարբերակը պետք է նորից ներկայացվի վարչապետին։ Մինչդեռ մայիսի 1-ին հաշված օրեր են մնացել. գործատուներից աշխատանքի առաջարկներ դեռ չեն ստացել, վիրավոր զինվորականներից էլ դեռ դիմումներ չկան։ Նախարարությունում կարծում են՝ գործատու-աշխատող կապը կկարողանան ապահովել. հիմա աջակցման այլ ծրագրերում ներառված շահառուների բազան են ուսումնասիրում։
40-ամյա Գևորգ Թովմասյանը կամավոր էր. Ջաբրայիլում է վիրավորել։ Մինչև պատերազմը ավտոմեքենաներ էր վերանորոգում, հիմա արդեն գործազուրկ է։
«Չկա տենց մի բան, որ էս պահին կարողանամ անել, չգիտեմ, էդ հնարավորությունը լինի, որ անեմ: Հա, ձեռքիցս շատ բան ա գալիս, շատ բան կարամ անեմ, բայց էդ ամեն ինչի համար գործատու ա պետք կամ պայման ա պետք, որ աշխատեմ», - ասաց Թովմասյանը:
Հոգեբանորեն դժվար է նոր իրավիճակին ընտելանալը, թեպետ աշխատելու ցանկությունը մեծ է, հատկապես, որ սոցիալական խնդիրները խեղդում են. վիրավոր, հաշմանդամ զինվորներից շատերն էին մեզ հետ զրույցներում նեղսրտում՝ դեռ չեն ստանում զինվորական թոշակ, իսկ 26 հազար դրամ քաղաքացիական թոշակը բավարար չէ անգամ բուժվելու և ոտքի կանգնելու համար։
«Մենակ մի դեղիս ամեն մի տաբլետկան արժի 1500 դրամ, 45 հազար դրամ մենակ էդ դեղն ա ամսական գալիս», - ասաց Թովմասյանը
«Մի հատ նենց տեղ պիտի տեղավորվեմ աշխատանքի, որ ես կարողանամ երեխաներիս պահեմ: Հիմնականում մտադրված եմ վերադառնալ Ղարաբաղ, որովհետև այստեղ արդեն ինչ անեմ-չանեմ, 0-ից պետք ա սկսեմ: Ստիպված պիտի գնամ գյուղ՝ ծնողներիս տուն, ընդեղ էլ արդեն երկու ընտանիքով են մնում, ես էլ որ գնամ երեք ընտանիք ա դառնալու: Գնանք, տեսնենք ինչ ա լինում», - նշեց Արտյոմ Հովսեփյանը: