Ապրիլի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից համավարակի պատրվակով արգելվել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և մի խումբ ուխտավորների մուտքը Դադիվանք,«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը՝ հաստատելով տարածված տեղեկությունը։
Մամուլը գրում էր, որ ապրիլի 25-ին ադրբեջանցի զինվորականները թույլ չեն տվել ուխտավորներին այցելել Դադիվանք:
Վահրամ քահանան մանրամասնել է՝ այդ օրը վանքում նախատեսված էր վանաբնակ միաբանի քահանայական ձեռնադրություն, որի մասին վաղօրոք ծանուցվել էր, և այն համաձայնեցվել էր ռուս խաղաղապահների հրամանատարության հետ։
«Այսպիսով, հակառակ կատարված նախնական անհրաժեշտ բոլոր տնօրինումների, հնարավոր չեղավ մոտենալ վանքին։ Ավելին՝ արտոնություն ստացած ուխտավորների 25 հոգանոց խմբի թվաքանակն իջեցվել էր տասի։ Իսկ արգելքից հետո չի արտոնվել անգամ փոխանցել միաբանների համար պարբերաբար մատակարարվող սնունդը։ Ակնհայտ է, որ այսպիսով ադրբեջանական կողմը ձգտել է ձախողել քահանայական ձեռնադրությունը, որը նույն օրը երեկոյան կազմակերպվեց Գանձասարի վանքում», - ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավարը։
Վահրամ քահանան դատապարտելի է համարել Ադրբեջանի այս մերժելի կեցվածքը, որով, նրա համոզմամբ, արհեստական արգելքներ են ստեղծվում հայկական պատմական վանքի ու նրա միաբանության հոգևոր առաքելության համար և խախտվում վերջինիս կենսագործունեության շուրջ Ռուսաստանի իշխանությունների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Ադրբեջանի վարած քաղաքականությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում է և հերթական արտահայտությունն է հայատյացության, հայկական սրբավայրերի և հայ ժողովրդի հոգևոր կյանքի նկատմամբ ոտնձգության», - ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավարը։