Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Նավալնիի, Ուկրաինայի խնդիրները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, կոլաժ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում լուրջ անհանգստություն է հայտնել բանտարկված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի վերաբերյալ: Այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում:

Հեռախոսազրույցում Մակրոնը նաև կոչ է արել Պուտինին «բարեխղճորեն և երկարաժամկետ հիմունքներով աշխատել Ուկրաինայի հետ լարվածությունը նվազեցնելու համար՝ սահմանից իսկապես դուրս բերելով զորքերը և ծանր տեխնիկան, հստակ վերահաստատելով հրադադարի ռեժիմը և հավաստիորեն վերսկսելով երկխոսությունը» Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ռուսաստանում «Նովիչոկ» տեսակի նյութով թունավորումից բուժումը Գերմանիայում ավարտելուց հետո Ալեքսեյ Նավալնին հունվարի 17-ին վերադարձել է հայրենիք և անմիջապես ձերբակալվել, ապա՝ կալանավորվել։ Փետրվարի 2-ին դատարանը նրան 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել։ Կրեմլի քննադատը մարտի 31-ին հրաժարվել էր սննդից՝ բողոքելով ոտքի և մեջքի ցավի համար անհրաժեշտ բժշկական օգնության բացակայության դեմ: Օրեր առաջ Նավալնին բանտից տեղափոխվել է հիվանդանոց՝ բժիշկները պնդել էին, որ ընդդիմադիր գործչի առողջական վիճակը մոտ է կրիտիկականին, առկա է սրտի աշխատանքի հանկարծակի դադարի վտանգ։ Ապրիլի 23-ին Ալեքսեյ Նավալնին հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին։