Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի մեկնաբանությունների ձայնագրությունը Թեհրանում և այլ մայրաքաղաքներում ռումբի պայթյունի տպավորություն է թողել:
Իրանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Սաեդ Խաթիբզադեհն ասել է, թե զրույցը նախատեսված չէր լրատվամիջոցների համար:
«Նախարարությունը պատասխանատվություն չի կրում սույն ձայնագրության տարածման համար, դա ԶԼՄ-ներին տված հարցազրույց չէր: Պետք չէ հատվածաբար օգտագործել բովանդակությունը, նախարարը հարգանքով է խոսել գեներալ Քասեմ Սոլեյմանիի մասին»,- ասել է խոսնակը, պնդելով, թե զրույցի ձայնագրությունը «խմբագրվել է նախարարին վարկաբեկելու նպատակով»:
Այստեղ կարևորը հենց Սոլեյմանիի հանգամանքն է: Նախարար Զարիֆը կառավարության տնտեսական բլոկին սերտորեն կապված կապեր ունեցող լրագրող Սաեդ Լեյլազի հետ մարտ ամսին տեղի ունեցած զրույցում՝ մի կողմ դնելով պաշտոնական խոսքին հատուկ պարկեշտությունը և դիվանագետի զգուշավորությունը, բավական ազատ և անկաշկանդ քննադատում է անցյալ տարեսկզբին ամերիկյան անօդաչուի հարվածից զոհված Իսլամական հեղափոխության գվարդիայի «Ալ-Քուդս» էլիտար ջոկատի հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանիին:
Ըստ BBC-ի, հարցազրույցը պետք է լույս տեսներ Իրանում հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից և նախագահ Հասան Ռոհանիի վարչակազմի հեռանալուց հետո: Թե ինչո՞ւ է այն հիմա տարածվել՝ դժվար է ասել, գուցե պատճառը Թեհրանում ներքաղաքական սուր պայքարն է:
Զարիֆն այդ զրույցի ընթացքում ասել է, թե հանգուցյալ Սոլեյմանին չափազանց ակտիվ է միջամտել արտաքին քաղաքականության ոլորտը:
«Հաճախ ես զբաղվում էի ոչ այնքան արտաքին հարցերով, որքան «Ալ-Քուդսի» ղեկավարների հետ բանակցելով, երբեմն իմ ազդեցությունն արտաքին հարցերում իջնում էր մինչև զրո»,- ասել է Զարիֆը:
Նրա խոսքով, Սոլեյմանին փորձել է հսկողության տակ պահել արտաքին բոլոր կարևոր ուղղությունները՝ Սիրիայի պատերազմից մինչև մոլորակի գերտերությունների հետ միջուկային պայմանագիր, ընդ որում՝ առանձնահատուկ դեր է վերապահվել Ռուսաստանին:
Ըստ Զարիֆի, Ռուսաստանը՝ լինելով մնացած գերտերությունների հետ Իրանի հետ բանակցող կողմ, գործնականում փորձել է վիժեցնել միջուկային պայմանագիրը, որի դեմ էր նաև Սոլեյմանին:
«Պայմանագրի ստորագրմանը նախորդող շաբաթվա ընթացքում Ռուսաստանն ամեն ինչ արեց, որ դա տեղի չունենա, դրա համար էլ Լավրովն այնտեղ չերևաց»,- ասել է Զարիֆը:
Պայմանագիրը կնքելուց տասն օր անց Ռուսաստանի ղեկավարները Սոլեյմանիին հրավիրել են Մոսկվա և սկսել են մշակել այն խափանելու ուղիներ:
Սկանդալային ձայնագրությունում կա ուշագրավ մեկ այլ գործոն՝ Զարիֆի խոսքով, հենց Սոլեյմանին է ռուսներին համոզել ռազմական օպերացիա սկսել Սիրիայում և փրկել Բաշար Ալ-Ասադի վարչակարգը:
Ռուսները ցանկացել են ցամաքային հարձակման համար օգտագործել Իրանի տարածքը: Թեհրանը մշտապես հերքել է իրանական զինուժի մասնակցությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմին, սակայն, ըստ BBC-ի պարսկական ծառայության, հազարավոր զինյալներ Աֆղանստանից Թեհրանի նախաձեռնությամբ են տեղափոխվել Սիրիա և միացել են կառավարական բանակին:
Զարիֆը չի բացատրում, թե ինչ կապ ունի միջուկային ծրագիրը ռազմական գործողությունների հետ, սակայն ընդգծում է, որ երկու հարցերն էլ առնչություն են ունեցել Քասեմ Սոլեյմանիի հետ: Որն էր ռուսների նպատակը:
«Եթե Իրանը [ԱՄՆ նախագահ] Դոնալդ Թրամփի համար չդառնար առաջնահերթություն, ապա առաջնահերթություն կդառնային Չինաստանը և Ռուսաստանը: Արևմուտքի հետ թշնամության հետևանքով մենք մշտապես ունենք Չինաստանի և Ռուսաստանի կարիքը, իսկ այդ երկրներն էլ որևէ մեկի հետ մրցելու խնդիր չունեն և առավելագույնն են քաղում այս վիճակից»,- նշել է Զարիֆը:
Նրա խոսքով, Սոլեյմանիի այցը Ռուսաստան Մոսկվան է կազմակերպել, և արտգործնախարարությունը ոչինչ չէր կարող անել:
«Ռուսաստանը ցանկանում էր ոչնչացնել Իրանի արտաքին գերատեսչության բոլոր նվաճումները»,- ասել է Զարիֆը, նշելով, որ այդ հարցը քննարկելիս՝ ինքը նույնիսկ ստիպված էր «կոպիտ և ոչ դիվանագիտական բառապաշարով խոսել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ»:
Զարիֆի փոխանցմամբ, ռուսները չէին ենթադրում, որ միջուկային գործարքը կհաջողվի ստորագրել, և երբ, այնուամենայնիվ, դա տեղի ունեցավ՝ Ռուսաստանը և Ֆրանսիան Իրանին առաջարկեցին կես տարին մեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին զեկուցել գործարքի պայմանները կատարելու մասին, իսկ դա կնշանակեր ամեն անգամ բանակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական և տասը ժամանակավոր անդամների հետ:
«Արևմուտքի և մասնավորապես Միացյալ Նահանգների հետ Իրանի հարաբերությունների բարելավումը և դրա հիմքը համարվող միջուկային գործարքը ձեռնտու չէին Ռուսաստանին»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը զրույցում, որի ձայնագրությունը ժամեր առաջ է տարածվել: