Սանասարյանը վստահեցնում է` իր կուսակցությանն օլիգարխներ ու հանցավոր տարրեր չեն ֆինանսավորում. իրենք այլընտրանք են

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը վստահեցնում է` իրենց նորաբաց կուսակցության ֆինանսական հաշվետվությունը շատ թափանցիկ է լինելու: «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում նա ասաց, որ ապրիլի 23-ին մեծ համագումար է տեղի ունեցել, հիմա չի կարող ասել, թե քանի անդամ ունի կուսակցությունը, որը դեռ գրանցված չէ: Միաժամանակ վստահեցրեց` իրենց օլիգարխներն ու հանցավոր տարրերը չեն ֆինանսավորելու: Նաև նշեց` «Իմ քայլի» պատգամավորների հետ, որոնց հետ միասին թավշյա հեղափոխության առանցքային դեմքերից էր, շփում չունի:

Հեղափոխության առանցքային դեմքերից Դավիթ Սանասարյանը 2019-ի ապրիլի 18-ին որպես մեղադրյալ ներգրավվեց հեմոդիալիզի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նա Պետական վերահսկողական ծառայության պետն էր:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Սանասարյանը վստահեցնում է` իրենք թափանցիկ են լինելու

Մի քանի օգտատերեր հետաքրքրվել էին` ո՞վ է ֆինանսավորում կուսակցությունը, որտե՞ղ է գրասենյակը, «դուք ո՞ւմ «պրոյեկտն եք»»:

Սանասարյանն ի պատասխան ասում է` կներկայացնեն հաշվետվություն, թե ովքեր են իրենց ֆինանսավորում, բայց միաժամանակ հավաստիացրեց. «Մեզ օլիգարխներ չեն ֆինանսավորում, մեզ հանցավոր տարրեր չեն ֆինանսավորում, մեզ ֆինանսավորում են օրենքի սահմաններում մեր քաղաքացիները: Ամեն մեկն իր աջակցությունն է ցուցաբերում, մեր կուսակցության, մինչ այդ նախաձեռնության անդամների միջոցով ենք հոգում մեր ծախսերը: Դա կամավորության հիմունքով է լինելու»: Նա նաև նշեց, որ խրախուսելու են, որ քաղաքացին էլ կարող է վճարի և պահանջի ծառայություն քաղաքական ուժից:

Կուսակցությունը դեռ չի գրանցվել, համագումարը կայացել է ապրիլի 23-ին, Սանասարյանի խոսքով` մեծ համագումար է եղել:

Կուսակցության գրասենյակը գտնվելու է Սարյան փողոցում: Քաղաքական ուժի նախագահը քաղաքացիներին հրավիրեց տեղում իրենց մոտեցումները քննարկելու, նաև փորձագետների հետ քննարկումներին մասնակցելու:

«Սորոսի հիմնադրամի հետ երբևէ կապ չեմ ունեցել»

«Ես երբևիցե կապ չեմ ունեցել Սորոսի հիմնադրամի հետ, որոշ շրջանակներ ձեզ փորձում են ապակողմնորոշել: Ես որևէ հիմնադրամից իմ քաղաքական և հանրային գործունեությունը ծավալելիս գումար չեմ ստացել», - վստահեցրեց բանախոսը` ի պատասխան հարցերի, թե իրեն մշտապես անվանում են «սորոսական»:

Մեկ այլ հարց էլ կար, որ եթե իրեն առնչվող քրեական գործը չի փակվել, դեռ նրա անմեղությունը դատարանը չի ճանաչել, ինչպե՞ս է հիմա մտնում քաղաքականության մեջ: «Քրեական գործը շինծու գործ է, և որևէ ձևով իրականության հետ կապ չունի այն մեղադրանքը, որ ինձ ներկայացրել են:

Այն, ինչ որ փորձել են կարել իմ անվան հետ, ես ձեզ վստահեցնում եմ, որ անգամ այդ քրեական գործում որևէ լուրջ բան չկա, փոթորիկ սարքեցին մի բաժակ ջրում», - ասաց Սանասարյանը:

«Իմ քայլի» անդամների հետ չի շփվում, ասում է` իրենք են դադարել շփվել

Հարցին, թե «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ շփվում է, այնտեղ ժամանակին ընկերներ ուներ, պատասխանեց. «Ո՛չ, իրենք են դադարել ինձ հետ շփվել, և ես էլ որևէ ցանկություն չունեմ իրենց հետ շփվելու, որովհետև չգիտեմ` ինչով են իրենք զբաղվում: Այն, ինչի համար մենք դուրս եկանք փողոց, այն, ինչի համար հեղափոխությունը տեղի ունեցավ, այն, ինչի համար քաղաքացին մեզ պատվիրակեց պետական մարմիններ, ես հիմա տեսնում եմ` այս մարդիկ լրիվ այլ բանով են զբաղվում, և այն խոստումները, որ իրենք տվել են, թող քաղաքացիները գնահատեն, թե ինչ է արվել մինչև հիմա»:

«Դիտարկում ենք, որ վերջնարդյունքում Արցախը պիտի լինի Հայաստանի մարզ»

«Մենք դիտարկում ենք, որ վերջնարդյունքում Արցախը պիտի լինի Հայաստանի մարզ: Բնականաբար, մենք պատերազմի կողնակից չենք, թեև մեր կուսակցության կորիզը ու մեծ մասը պատերազմով անցած մարդիկ են», - ասաց Սանասարյանը` պատասխանելով Արցախի ապագայի վերաբերյալ հարցադրումներին: Իսկ հարցին` ինչպե՞ս, արձագանքեց. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելով»:

«Իմ կենսագրությամբ չեմ թողել տպավորություն, որ ինչ-որ մեկի համար ձայն եմ փախցնում»

Հարցադրմանը, թե տպավորություն կա, որ եկել է ընտրությունեներում իշխանության համար ձայն փախցնելու իր կուսակցության միջոցով, Դավիթ Սանասարյանն ասաց. «Առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը թող մտածի, թե ինչպես է ընտրություններին մասնակցելու: Ես չեմ կարծում` իմ կենսագրությամբ թողել եմ տպավորություն, որ ինչ-որ մեկի համար ձայն եմ փախցնում: Մենք եկել ենք այլընտրանք ներկայացնելու, մենք եկել ենք այն կեղծ օրակարգը` կամ նախկիններ, կամ ներկաներ, մի կողմ դնելու և քաղաքացիներին լուրջ այլընտրանք ներկայացնելու»: Նաև հայտարարեց, որ տարբեր կուսակցությունների հետ գաղափարական ընդհանրություններ ունեն, բայց «Իմ քայլի» հետ կոալիցիա կազմել չեն պատրաստվում, քանի որ օրվա իշխանությունն անկարող է պետական ճգնաժամային իրավիճակներում խնդիրները կարգավորելու:

Ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.