Պաշտպանության նախարարը և Կանադայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Էլիսոն Մարի Լե Քլերին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրեյգ Ֆոուլերին:

Համաձայն ՊՆ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սանձազերված ռազմական գործողությունների և դրանց ավարտից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նշել տարածաշրջանում առաջացած նոր անվտանգային սպառնալիքները:

Տիկին դեսպանը տեղեկացրել է, որ Կանադայում լրջորեն ուսումնասիրում են ԱԹՍ-ներ արտադրող թուրքական ընկերություններին կանադական սարքավորումներ վաճառելու սահմանափակումների հետ կապված խնդիրը՝ ապագայում նման դեպքերի բացառման համար:

Զրուցակիցները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, նշված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում: