Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին, հայտնում են կառավարությունից:
Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Լիտվայի հետ հարաբերությունների զարգացմամբ՝ երկկողմ ու բազմակողմ ձևաչափով: «Որպես ժողովրդավարական երկիր՝ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ համագործակցությունը, նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում», - ասել է նա:
Արտգործնախարար Լանդսբերգիսը նշել է, որ Լիտվան զորակցում է հայ ժողովրդին պատերազմի, կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման գործում և պատրաստ է, նաև որպես ԵՄ անդամ, սատարել այս գործընթացին, հումանիտար օժանդակություն ցուցաբերել: Նրա խոսքով՝ ԵՄ-ն կարևորում է Հայաստանում ժողովրդավարության զարգացումը և այդ գործընթացում առավել ակտիվ ներգրավվումը:
Նիկոլ Փաշինյանն ու Գաբրիելյուս Լանդսբերգիսը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների և զարգացումների շուրջ:
Անդրադառնալով հետպատերազմական վիճակին՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին դեռևս անազատության մեջ պահելու, Բաքվի կողմից շարունակվող ագրեսիվ հայատյաց հռետորաբանության, «ռազմավարի պուրակի», Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հնչող նկրտումների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման գործողությունների մասին: Այս ամենը, ըստ նրա, ակնհայտ է դարձնում այն, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել «անջատում հանուն փրկության» սկզբունքը: Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար և ընդգծել, որ ժողովրդավարական ուղիով առաջ շարժվող Հայաստանը, հաշվի առնելով արժեհամակարգային ընդհանուր հենքը, ԵՄ-ից և ԵՄ անդամ երկրներից նախևառաջ ակնկալում է համարժեք գնահատական Ադրբեջանի հակահայ քաղաքականությանը:
Լիտվայի ԱԳ նախարարը նշել է՝ ԵՄ-ն հստակ դիրքորոշում է ներկայացրել, որ բոլոր պատանդները, գերիները պետք է վերադարձվեն, և Լիտվան ևս միանում է այդ դիրքորոշմանը: Նա նաև ընդգծել է, որ Լիտվան լիովին սատարում է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին: