Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին` ձեռնարկելու բոլոր միջոցառումները` ռազմագերիների անհապաղ ազատ արձակումն ու անվտանգ վերադարձն ապահովելու համար: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Նամակում Արմեն Սարգսյանը հիշեցնում է, որ պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք են գերեվարվել, նշում է, որ նրանք ենթարկվում են խոշտանգումների ու արժանանում անմարդկային վերաբերմունքի Ադրբեջանի կողմից:
«Համաձայն հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին: Այնուամենայնիվ, չափազանց կարևոր է, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից:
Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ ներկայումս Ադրբեջանը շարունակում է մերժել ու խոչընդոտել պատանդառնված քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձին:
Հայաստանը բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից:
Դիմում եմ Ձեզ և Միավորված ազգերի կազմակերպությանը՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձն ապահովելու համար», - ասված է նամակում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի տվյալներով` հայկական կողմը ՄԻԵԴ է ուղարկել 250 անձի վերաբերյալ դիմումներ: Ընդհանուր առմամբ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։ Հայկական կողմի տվյալներով` այս ընթացքում ադրբեջանական գերության մեջ սպանվել է 3 հայ ռազմագերի։