Իշխանաձորի ենթաշրջանում որոնումներն արդյունք չեն տվել, փրկարարները նախատեսում են դրանք շարունակել վաղը, ուղղության մասին կտեղեկացնեն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի ենթաշրջանում ապրիլի 24-ին իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության այսօրվա հաղորդագրությամբ՝ ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն Արցախի փրկարարները նախատեսում են շարունակել վաղը: Ուղղության մասին կտեղեկացնենք նախապես:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացված որոնումների ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1551 է, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են: