Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դժվարանում է կանխատեսել, թե հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններում 2-րդ, 3-րդ տեղերում, որ ուժերը կլինեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը հրաժարական տվեց` արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, նախագահն ընդունեց Կառավարության հրաժարականը:
«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ քաղաքագետն ընդգծեց՝ անսպասելի դաշինքներ կարող են լինել և անսպասելի ուժերի հետ կարող է գնալ, օրինակ, նույն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ստեփան Գրիգորյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Պարոն Գրիգորյան, Ձեր կարծիքով, որ կուսակցություններն ու հավանական դաշինքները կարող են հաջողություն ունենալ այս արտահերթ ընտրություններում։ Հիմա մենք տեսնում ենք առաջին և երկրորդ նախագահների մուտքը քարոզարշավ, երրորդ նախագահն էլ կարող է ինչ-որ մի այլ տեքսով մասնակցի, ասենք՝ Միքայել Մինասյանի ստեղծած կուսակցությամբ, ի՞նչ շանսեր ունի Հայ ազգային կոնգրեսն, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, և ինչ հաջողություն կարող է արձանագրել Ռոբերտ Քոչարյանը ՀՅ Դաշնակցության հետ, և նաև գիտենք, որ Սյունիքից կուսակցություն է ստեղծվելու, որը նույնպես սատարելու է Քոչարյանին, ի՞նչ կարող եք ասել։
Գրիգորյան․ - Գիտեք, մեր կենտրոնը մարտին անցկացրեց ուսումնասիրություններ, հասկանալու հասարակության տրամադրությունները կապված սահմանադրական փոփոխությունների, վեթթինգի, վարչապետի հրաժարականի, արտահերթ ընտրությունների հետ ու էս ուսումնասիրությունները հստակ ցույց են տալիս, որ միայն մեկ դեմք կա, որն ունի բավական շատ ձայներ․ ասենք՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը 30-35 տոկոսի շրջանակներում է։ Մյուս դեմքերը շատուշատ փոքր թվերի շրջանակներում են, ասենք՝ երկու-երեք տոկոսի։ Ի՞նչ եմ ուզում ասել, հատուկ նշում եմ դա, որ հասկանանք, որ էսօր ասենք կանխատեսել, թե երկրորդ, երրորդ ուժերն ովքեր կլինեն, դժվար է, քանի որ դաշինքներն էլ կարող են լինել անսպասելի, անսպասելի իրար հետ, օրինակ Դուք նշեցիք Քոչարյանն ու Դաշնակցությունը, համոզված չեմ, որ Ռոբերտ Քոչարյանը կգնա Դաշնակցության ցուցակով։ Ուրեմն այն բոլոր ուժերը, որոնք իրոք շանս ունեն անցնելու, այդ թվում՝ ՀԱԿ-ը, «Ազգային բևեռը» և այլ ուժեր, այդ թվում՝ Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը», էդ բոլոր ուժերն էսօր ունեն մի քանի տոկոսի շրջանակներում ձայներ, ուրեմն դժվար է ասել, թե ով ավելի մեծ հավակնություն ունի, մենք ուղղակի այդ շրջանակը կարող ենք ասել 4,5,6 ուժեր կարող են, բայց ասել, թե ով, ում հետ կգնա, շատ դժվար է էսօր, քանի որ անսպասելի դաշինքներ կարող են լինել և անսպասելի ուժերի հետ կարող է գնալ նույն երկրորդ նախագահը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․