Բուլղար գործարար Եմելյան Գեբրևը ընդունել է, որ իր ընկերությունը 2014-ի վերջին պայմանագիր է կնքել Ուկրաինային զինամթերք մատակարարելու շուրջ: Ըստ The New York Times-ի, Գեբրևը թերթին ուղարկած նամակում փաստել է, որ զենքը պահել է չեխական Վրբետիցե ավանի ռազմապահեստում, որտեղ հետագայում պայթյուններ էին որոտացել:
Զոհվել էր երկու մարդ, ոչնչացվել էր մոտ 150 տոննա ռազմամթերք: Պրահան պնդում է, թե այդ պայթյունների ետևում կանգնած են Ռուսաստանի հատուկ ծառայությունները: Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները:
Այսօր հայտարարություն է տարածել նաև Չեխիայի նախագահը: Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններով հայտնի Միլոշ Զեմանը պնդել է, թե ռուսների մասնակցությունից բացի, կա նաև անփութության վարկածը, որը ևս պետք է հետաքննվի: