Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդ եզրույթը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ուղերձում:
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ, և պարտավորվում ենք կանխել նման չարագործությունների կրկնությունը», - մասնավորապես հայտարարել է Բայդենը։
«1915 թվականի ապրիլի 24-ից սկսած օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսի հայ մտավորականության և համայնքի առաջնորդների ձերբակալություններից հետո, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան ուղարկվեցին՝ բնաջնջման նպատակով։ Մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերին, որպեսզի նախկինի սարսափները երբեք կորսված չլինեն պատմության համար: Եվ մենք հիշում ենք, որպեսզի մշտապես զգոն մնանք ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսևորումներում», - հայտարարել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը։
«Տասնամյակներ շարունակ հայ ներգաղթյալները հարստացրել են Միացյալ Նահանգներն անհաշիվ եղանակներով, բայց երբեք չեն մոռացել ողբերգական պատմությունը, որը բերեց նրանց նախնիներից այնքան շատերին դեպի մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը:Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ ապահովելու համար, որ կատարվածն այլևս չկրկնվի», - շեշտում է ԱՄՆ նախագահն իր ուղերձում:
«Ամերիկայի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր հայերին, որոնք իրենց կյանքն են կորցրել 106 տարի առաջ այս օրը տեղի ունեցած Ցեղասպանության հետևանքով», - ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը՝ նույն ուղերձում երկրորդ անգամ օգտագործելով Ցեղասպանություն եզրույթը։
Տե՛ս նաև այստեղ