«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց 2021 թվականի հավակնորդ վեց հերոսների անունները: Նրանց ընտրել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը՝ ցուցաբերած խիզախության, նվիրվածության ու ունեցած ազդեցության համար:
Հատուկ միջոցառումն այսօր տեղի ունեցավ Մատենադարանում, որի ընթացքում ներկաները նախ հարգեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ ու մեծ մարդասեր Վարդան Գրեգորյանի հիշատակը, եղան նրան նվիրված մի շարք ելույթներ, այդ թվում՝ «Ավրորա»-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը խոսեց նրա մասին:
«Ավրորա»-ն միջազգային մրցանակաբաշխություն է, որի շնորհիվ աշխարհին հայ ազգի կողմից երախտիքի խոսք ենք ուղղում: «Ավրորա»-ն մանդատ է, որի միջոցով օգնություն է ցուցաբերվում այլ մարդկանց, և մենք հաճախ քննարկում էինք Գրեգորյանի հետ, թե ինչպես այս ամենի մեջ պահպանեն հայկականը: Մենք հասկանում էինք, որ չէինք կարող անտարբեր գտնվել նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, և երբ Արցախում տեղի ունեցավ պատերազմը, ասացինք, որ «Ավրորա»-ն աշխարհի համար է, բայց Հայաստանն ու Արցախն էլ աշխարհի մի մասն են, և մենք պետք է արձագանքենք այն ամենին, ինչ տեղի է ունենում: Մենք «Ավրորա»-ի կողմից 2 միլիոն դոլար ուղղեցինք Արցախին՝ օգնության համար: Վարդանը կարողանում էր միջազգային տիրությում պահպանել իր արմատներն ու ինքնությունը», - նշեց Վարդանյանը:
Ավանդույթի համաձայն, 2021 թվականի «Ավրորա»-ի հերոսներն արձանագրվել են «Մատյան մարդասիրաց» 21-րդ դարի եզակի ձեռագրում: Հերոսներից մեկը կդառնա 2021 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր և հնարավորություն կստանա շարունակելու նվիրատվության շղթան: Խոսքը մեկ միլիոն դոլար մրցանակի մասին է, որը հերոսը հնարավորություն կունենան բաշխել այն կազմակերպությունների միջև, որոնք նպատակահարմար կգտնի և որոնք օգնություն են ցուցաբերում կարիքավորներին:
Թե ով կդառնա «Ավրորա»-ի հերոս, կորոշվի այս տարվա աշնանը:
Հերոսներից մեկը Գրեգուար Ահոնգբոնոն է, նա աշխատում է աֆրիկյան մարդասիրական ընկերությունում, օգնում է Արևմտյան Աֆրիկայում հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց և փորձում է վերջ տալ նրանց շղթայակապ պահելու տեղական անմարդկային սովորությանը: Մյուս հերոսը Ջուլիեն Լուսենգեն է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, մարդու իրավունքների պաշտպան է, Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության և զարգացման կազմակերպության հիմնադիր: Մյուսը՝ Ռուբի Ալբա Կաստանյոն է, ով Կոլումբիայից է: Նա իրավապաշտպան է: Աշվաք Մոհարամը մյուս հերոսն է, բժիշկ, որը Եմենից է և կենսապահական աջակցություն է ցուցաբերում Եմենի սոցիալ բնակչությանը: Մյուս թեկնածուն Փոլ Ֆարմերն է ԱՄՆ-ից: Նա ևս բժիշկ է: