Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ:
Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը շարունակել են քննարկումը ղարաբաղյան իրավիճակի շուրջ:
«Գոհունակությամբ արձանագրվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում մնում է կայուն և հանդարտ», - ասված է ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական թեմաների շուրջ, այդ թվում` էներգետիկ ոլորտի:
Կրեմլը նշում է նաև, որ Փաշինյանը Պուտինին ներկայացրել է Հայաստանում հունիսին կայանալիք արտահերթ ընտրություններից առաջ տիրող ներքաղաքական իրավիճակը:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ «զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարևորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը»:
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձ են կատարել նաև անվտանգության և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն ու ընթացիկ ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին:
Զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ: