«Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ», - ընդգծում է Արա Այվազյանը

Արցախ - Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ռմբակոծություններից հետո, 8-ը հոկտեմբերի, 2020թ.

«Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության նահատակներին, պետք է հիշենք, որ ցեղասպանության զոհ գնաց նաև մեր նախնիների կողմից ստեղծված մշակութային ժառանգության հսկայական մասը», - հայտարարել է արտգործնախարար Արա Այվազյանը՝ այսօր ելույթ ունենալով «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ:

«Ցեղասպանություն հանցագործությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջումն է, այլև նրա ինքնության անբաժանելի մաս կազմող ազգային հոգևոր մշակույթի ոչնչացումը՝ մշակութային ցեղասպանությունը», - ասել է Այվազյանը՝ շարունակելով. - «Մշակութային ցեղասպանությունը հետապնդում է հիմնականում երկու նպատակ․ առաջին՝ այն վերապրողների հոգու սպանության, նրանց հոգեբանական բռնության ենթարկելու փորձ է, երկրորդ՝ այն հետապնդում է բնաջնջված բնիկ բնակչության գոյության պատմական հետքերի վերացումը։ Այլ կերպ ասած՝ մշակութային ցեղասպանությունը կոչված է պայքարելու հիշողության, պատմական արդարության և մարդկային արժանապատվության դեմ»։

«1915թ․ Օսմանյան կայսրությունում սկսված հայ բնակչության կանխամտածված և ծրագրավորված զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը սկիզբ դրեցին նաև մշակութային ցեղասպանությանը, որը տարբեր ուժգնությամբ տևեց տասնամյակներ։ 1919թ․ Փարիզի վեհաժողովում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկագրի համաձայն ավերվել էր 1860 եկեղեցի և 229 վանք։ Սա խիստ նախնական և ոչ ամբողջական տվյալներ էին և հաջորդ տարիներին այս թիվը միմիայն աճել է, քանի որ մշակութային ավերածությունները ոչ միայն շարունակվեցին, այլև տարածվեցին 1920թ. Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետությունից գրավված տարածքներում, այդ թվում «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անիում։ Ոչնչացված մշակութային ժառանգությունը ներառում է նաև տասնյակ հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, խաչքարեր, աշխարհիկ և կրոնական այլ սեփականություն», - Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ նշել է Արա Այվազյանը:

«Մեր օրերում հայաթափված տարածքներում Թուրքիայի գործելակերպը շարունակեց Ադրբեջանը։ Մշակութային ցեղասպանության սահմռկեցուցիչ օրինակ է Նախիջևանի հայկական հուշարձանների զանգվածային ոչնչացումը, որը թերևս չունի որևէ զուգահեռ մարդկության պատմության մեջ։ Նախիջևանը, որն իր անվան մեջ կրում է Աստվածաշնչային ավանդության դրոշմը, 1997-2006թթ․ ենթարկվեց պետական մակարդակով կազմակերպված լայնածավալ մշակութային կոտորածի, որի արդյունքում իսպառ ավերվեցին 28 հազար մշակութային օբյեկտներ, որոնցից 89 միջնադարյան եկեղեցիներ և շուրջ 6 հազար միջնադարյան խաչքարներ։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները նախ փորձեցին փոխել հայկական հուշարձանների ծագումնաբանությունը, ապա, իրենք էլ չհավատալով սեփական շահարկումներին, որոշեցին ամբողջովին ոչնչացնել Նախիջևանի հայկական ինքնության անխոս վկաներին», - ասել է նախարարը:

«2020 թվականին՝ Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց, մենք կրկին առերեսվեցինք նույն տրամաբանությամբ և մեթոդներով ծրագրված և իրականացվող արհավիրքի: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում և դրա հետևանքով հայ ժողովրդի մի հատվածը հայտնվեց բնաջնջման, հայրենազրկման, իսկ նրա մշակութային ժառանգությունը՝ ամբողջական ոչնչացման վտանգի առջև:

Ուստի, այսօր մեզ համար խիստ հրատապ է դարձել Արցախում Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հազարավոր մշակութային, այդ թվում՝ կրոնական հուշարձանները փրկելու խնդիրը, մանավանդ որ արդեն կան ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորված մշակութային կոթողներ, ինչպես օրինակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին և Կանաչ ժամը։ Վտանգված մշակութային ժառանգությունն ընդգրկում է մոտ 1500 մշակութային օբյեկտներ, այդ թվում 161 եկեղեցիներ, մոտ 600 խաչքարեր, հնագիտական վայրեր, աշխարհիկ ճարտարապետության՝ պալատների, կամուրջների յուրահատուկ նմուշներ, շուրջ 19 հազար թանգարանային առարկա», - հայտարարել է Արա Այվազյանը:

Նա նաև ընդգծել է, որ Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ։ «Դրան անդրադառնում են ինչպես միջազգային միջնորդները, այնպես էլ՝ բազմաթիվ երկրներ, ՄԱԿ մասնագիտացված կառույցներ և կազմակերպություններ։ Սակայն միայն պաշտոնական հայտարարությունները բավարար չեն։ Անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ կանխելու հերթական մշակութային ցեղասպանությունը։ Չպետք է մոռանալ, որ անգամ ամենաերկարատև հակամարտություններն անցողիկ են, իսկ պատմամշակութային ժառանգությունը՝ հավերժ», - ասել է Այվազյանը:

Երևանի քաղաքապետարանում ներկայացված ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանըմ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Երևան այցելած միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչներն ու Հայաստանում հավատարմագրված տարբեր պետությունների դեսպաններ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ցուցադրված են Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկարներ, Շուշիում տպագրված առաջին գրքերը, Արցախում ստեղծված ձեռագրերն ու գորգերը:

Ցուցահանդեսում ընդգրկել են լուսանկարներ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվից, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից:

Ցուցահանդեսն ուղեկցվում է մեծ էկրանների վրա մի քանի վտանգված արժեքների՝ Դադիվանքի, Ծիծեռնավանքի, Ղազանչեցոց եկեղեցու, Տիգրանակերտի, Կատարո վանքի, ինչպես նաև Գանձասարի և Մայրաբերդի մասին հակիրճ տեսահոլովակներով:

«Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի որտգործնախարարությանը կից գործող Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի շրջանակում։ Այն բաց կլինի մինչև մայիսի 2-ը: