«Մեզ տխրեցնում է, որ որոշ երկրներ փորձում են օգտագործել հայ ժողովրդի ցավն ու մեր նախնիների սուրբ հիշատակը` իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար», - թուրքական «Անադոլու» գործակալությանն ասել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը:
Հոգևոր առաջնորդը նշել է` խորհրդարաններում և այլ ատյաններում այս հարցի շարունակական արծարծումը չի նպաստում երկու ժողովուրդների հաշտեցմանը, հակառակը` հետաձգում է խաղաղությունն ու խորացնում թշնամությունը:
«Անհրաժեշտ է բարեկամության կամուրջներ գցել և անկեղծ լինել. այդ մթնոլորտում պատմական իրադարձությունների գնահատականը կարող է առավել կառուցողական ու ամբողջական լինել», - ասել է Պոլսո Հայոց պատրիարքը՝ հույս հայտնելով, որ « երրորդ երկրները քայլեր կձեռնարկեն գործընթացները հենց այդ ուղղությամբ տանելու համար»:
Թուրքիայի հայկական հիմնադրամների նախագահ Պետրոս Շիրինօղլուն ևս պնդել է` այս հարցը վերաբերում է միայն հայ և թուրք ժողովուրդներին:
«Նրանք, որ սադրում են հիմա Հայաստանին Թուրքիայի դեմ, նույնն են արել նաև 100 տարի առաջ: Եվ երբ մենք դիտարկում ենք` ով շահեց և ով հաղթեց, տեսնում ենք, որ պարտվել է Օսմայնայն պետությունը, տուժել են հայերն ու թուրքերը», - ասել է Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահը: