Ինձ համար այդ ագրեսիվ մթնոլորտն ընդունելի չէ, ով ուզում է` լինի, Թաթոյանը` Սյունիքի դեպքերի մասին

Իշխանավորներն էլ են դիմում պաշտպանության համար

Օգտատերերը Մարդու իրավունքների պաշտպանից հետաքրքրվել են, թե ինքը կառավարության և ընդդիմության շատ ներկայացուցիչների անթույլատրելի վարքի որևէ գնահատական չի տալիս, իսկ ընդդիմությանը քննադատելիս պարտադիր քննադատում է նաև իշխանության ներկայացուցչին: Մեկ այլ հարց էր հնչել, թե ինչո՞ւ պաշտոնյաների կանանց, երեխաների իրավունքները չի պաշտպանում, մի՞թե նրանք մարդիկ չեն:

Արման Թաթոյանը շեշտում է` ըստ ՀՀ Սահմանադրության` Պաշտպանը բացառապես պետական և ՏԻՄ մարմիններից է պաշտպանում քաղաքացուն, երկրորդը` ՄԻՊ-ի մասին օրենքն ուղիղ պարտականություն ունի: Նա նշեց, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները մարդու իրավունքների պաշտպանին դիմել չեն կարող: Միաժամանակ Թաթոյանը նշեց, որ իշխանավորներից էլ ստացել է նամակներ` իրենց պաշտպանելու հասարակության որոշ ներկայացուցիչներից:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նա ասաց, որ երկրներ կան, որտեղ Պաշտպանի աշխատակազմերում կան նաև քաղաքական իրավունքների պահպանման բաժիններ, ՀՀ-ում չկա, սակայն իրենք այդ գործառույթն էլ են իրականացնում, ինչը արվել է հեղափոխությունից առաջ էլ, հիմա էլ է արվում ու արվելու:

Արման Թաթոյանը` Սյունիքի դեպքերի մասին

Մի քանի հարցեր կային Սյունիքի վերջին դեպքերի վերաբերյալ: Հայաստանի հարավում՝ Մեղրիում բնակիչները փողոցներում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ուղեկցել են վանկարկումներով ու պահանջել հեռանալ Սյունիքից։

Չնայած սյունեցիների ընդվզմանն ու պահանջին՝ Փաշինյանը շարունակել է քայլարշավը Մեղրիի փողոցներով՝ ոստիկանների, հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ։ Իրավիճակն ավելի է լարվել, քաշքշուկ սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև։ Այսօր արդեն Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի:

Մասնավորապես հարց կար, թե արդյոք նորմալ է գնահատում, որ սեռական բնույթի հայհոյանքներ էին հասցնում երկրի առաջին դեմքին այցի ժամանակ:

«Ես երեկ իմ հայտարարությամբ հենց առաջին կետով ուղիղ գրել եմ, որ ատելությունը, վիրավորանքը, այդ թվում` հայհոյանքը վարչապետի այցի ընթացքում անթույլատրելի էր, որովհետև դա ազդում է երկրում ագրեսիվության, լարվածության վրա, ատելության խոսքը: Սոցիալական ցանցերում էլ հակառակն էր, այդ քաղաքացիներին ուղղված ատելությունը, այսինքն` երկկողմանի:

Մենք պետք է էմոցիոնալ ֆոնը հաշվի առնենք, նաև ատելության խոսքն այնքան էր, որ տարածում էին Սյունիքի ամբողջ բնակչության վրա, բա ո՞նց կարելի է դա անել: Ինձ համար այդ ագրեսիվ մթնոլորտը չի կարելի, ով ուզում է` լինի», - արձագանքեց Արման Թաթոյանը:

Նա նաև շեշտեց` հանրային գործիչները, պաշտոնյաներն իրենց վարքով պետք է օրինակ ծառայեն. «Իմ խնդիրը պետության հետ է, կոպիտ եմ ասում, ՄԻՊ-ի թեման պետության հետ է, այսինքն` ես խնդիր չունեմ ընդդիմության հետ, այլ այնպես պետք է անել, որ պետությունը ճիշտ աշխատի, որովհետև երկրում մթնոլորտի համար ի վերջո պատասխանատու են պետական պաշտոնյաները»:

«Վիրավորանքը շատ վտանգավոր չափերի է հասել»

Ըստ օմբուդսմենի` հիմա կան պաշտոնյաներ, որ ունեն ձևախեղված պատկերացումներ իրենց պաշտոնեական կարգավիճակի նկատմամբ, ինչը ատելության խոսքն ու ագրեսիվությունն ավելի է աճեցնում:

Հարցին` իսկ նախկին պաշտոնյաների սոցիալական ցանցերի էջերում չի՞ տեսնում բռնության կոչեր, նա պատասխանեց. «Առհասարակ մեզ մոտ հայհոյանքը, վիրավորանքը շատ վտանգավոր չափերի է հասել, մարդուն վիրավորել չի կարելի: Մեր հասարակությունը բևեռացնում է դա: Ես հավաքներից առաջ պարբերաբար անդրադարձել եմ, երկու կողմն էլ իրար վիրավորում են` ժեխ, զոմբի, պիցայակեր, ծախված, ծախված շուն: Հանրային գործիչները պետք է հասկանան, երբ որ նման բաներ են անում, հակառակն կողմն էլ իրենց է ասում: Դա շատ անթույլատրելի է:

Այս մթնոլորտի համար մեծ հաշվով պատասխանատու է պետությունը, հանրային իշխանության մարմինները, և գիտեք, պաշտոնյային պաշտպանելու համար Մարդու իրավունքների պաշտպանը չի, կան իրավապահ մարմիններ, դատարան»:

Միաժամանակ նա հայտնեց` ունեն հիմնավոր ենթադրություններ, որ կան պաշտոնյաներ, որոնք իրենց անձնական կեղծ էջերն ունեն, ինչն ինքն անթույլատրելի է համարում:

Ես չեմ աշխատում որևէ մեկին դուր գալու համար. Արման Թաթոյան

Մեկ այլ հարց էլ կար, որ Թաթոյանի դեմ սոցիալական ցանցերում արշավ է սկսվել, չի՞ անհանգստանում, որ կարող են իրեն «իրավունքի ուժով» հետ կանչել պաշտոնից: Պաշտպանն արձագանքեց, թե որևէ հարց չի դիտարկում քաղաքական տեսանկյունից. «Այդ առումով պիտի ասեմ, որ լինի իշխանության մարմինների ներկայացուցիչ, հատկապես պաշտոնյաներ, ով ուզում է` լինի, ոչ մեկն իրավունք չունի այս կառույցը համեմատել որևէ մեկ այլ կառույցի հետ, սա իր առաձնահատկություններով սպեցիֆիկ կառույց է` սահմանադրական ամենաբարձր երաշխիքների ներքո: Եվ որքան ուժեղ է օմբուդմսանը, այնքան ուժեղ է երկրի ժողովրդավարության ցուցիչը: Ես չեմ աշխատում որևէ մեկին դուր գալու համար»:

Պատասխանելով հարցին, թե կզբաղվի՞ քաղաքականությամբ, ասաց, որ նախատեսված ընտրություններին մասնակցություն չի ունենալու:


Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.