Փոխվստահության մթնոլորտում կայացած հանդիպումը համագործակցության զարգացման նոր ուղիներ նախանշեց․ Արմեն Սարգսյանը՝ Զուրաբիշվիլիին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստան կատարած իր պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերված ջերմ ընդունելության, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ կառուցողական քննարկումների համար:

Ըստ նախագահի գրասենյակի՝ Արմեն Սարգսյանն ընդգծել է՝ լիակատար փոխվստահության և հարգանքի մթնոլորտում կայացած հանդիպումը Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման նոր ուղիներ նախանշեց:

«Միանգամայն համաձայն եմ, որ մենք պատասխանատվություն ենք կրում հայ և վրացի ժողովուրդների գալիք սերունդների միջև հարաբերությունների ձևավորման համար:

Ուրախ եմ արձանագրել, որ առկա են համատեղ հետաքրքրություններ ու խոստումնալից հեռանկարային փոխգործակցություն նոր տեխնոլոգիաների, կրթու­թյան և գիտության, ենթակառուցվածքների, արհեստական բանականության, էներ­գետիկայի, տրանսպորտի և մի շարք այլ բնագավառներում:

Հավատացած եմ, որ այցի շրջանակներում ձեռք բերված գործնական և արդյունա­վետ պայմանավորվածություններն առավել կխորացնեն մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ ի բարօրություն մեր եղբայր ժողովուրդների», - ասվում է նախագահի նամակում։

Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով, հիշեցնենք, Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, ապրիլի 15-ին պաշտոնական այցով Վրաստանում էր։