Մովսես Հակոբյանը կանխակալ մոտեցմամբ խեղաթյուրում է փաստերը` ի պատասխան «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում ապրիլի 20-ին Մովսես Հակոբյանի կողմից Բաբայանի հասցեին հնչեցված մեղադրանքների, այսօր նման պարզաբանում է տարածել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քատուղար Սամվել Բաբայանի գրասենյակը՝ նշելով՝ Հակոբյանն այդպիսով ակնհայտորեն միջանձնային խնդիրները դնում է պետական-պաշտպանական-անվտանգային խնդիրների հիմքում։
Մասնավորապես, ընդգծելով, որ հարցազրույցի ընթացքում Հակոբյանը մտքեր է հնչեցրել Սամվել Բաբայանի կողմից «պատերազմի ժամանակ ցանկություններ իրականացնելու», «թիկունքում ստորաբաժանում ձևավորելու», «առաջնագծից զինվորներ հանելու», «քանի փամփուշտ կրակելու», «առաջին գծի ստորաբաժանումներին մեծ վնաս հասցնելու», և արդյունքում «որևէ խնդիր չկատարելու» և այլնի վերաբերյալ՝ գրասենյակը տեղեկացնում է՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային դիմագրավելու նպատակով Արցախի ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ և Արցախի նախագահի համապատասխան գրությունների համաձայն իրականացվել է աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց:
Ըստ պարզաբանման՝ ԱԽ գրասենյակի համապատասխան վարչության պետ Գրիգորի Սահակյանի անմիջական ղեկավարությամբ ձևավորվել է 2 գումարտակ և 3 առանձին վաշտ, այդ թվում` գրոհային, որոնք նախքան մարտական առաջադրանքներ ստանալը և խնդիրներ կատարելը ներդաշնակման նպատակով անցել են մեկշաբաթյա մարտական պատրաստության պարապմունքներ: Ստորաբաժանումները ստացել և հաջողությամբ իրականացրել են մարտական առաջադրանքներ առաջնագծի տարբեր ուղղություններում։
«Գումարտակի հավասարեցված ստորաբաժանումը մարտական խնդիր է ստացել կատարելու երթ Ռև-Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Հադրութ-Ջրական (Ջաբրայիլ) երթուղով և զբաղեցնելու նախատեսված բնագիծը` հետագայում գրոհի մասնակցելու նպատակով: Այնուհետև գումարտակի ստորաբաժանումները գրոհել են Քայնդ-Հորադիզի ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերը: Գրոհի ընթացքում գումարտակը հաջողել է գրավել 5 մարտական դիրք և ամրանալ այդ դիրքերում, որտեղ մինչև հոկտեմբերի 9-ը շարունակել է վարել դիրքային մարտեր` խոցելով հակառակորդի շոշափելի կենդանի ուժ և զրահատեխնիկա և սպասելով ավագ պետի կողմից կազմակերպվող մեծ օպերացիային, որն այդպես էլ տեղի չունեցավ: Անհավասար մարտերից հետո, կրելով կորուստներ, ստորաբաժանումը հոկտեմբերի 9-ին հետ է նահանջել ելման դիրքեր, ապա Հադրութ քաղաք՝ հետագա մարտական խնդիրները ճշտելու համար: Քյանդ-Հորադիզի մարտական դիրքերում ստորաբաժանումը մարտերի ընթացքում տվել է 3 զոհ (Արամ Մկրչյան, Հակոբ Առաքելյան, Արամ Պողոսյան) և տասնյակ վիրավորներ», - հայտնում է Բաբայանի գրասենյակն՝ ընդգծելով՝ այս ուղղությամբ ձեռնարկված գործողությունների արդյունքում հաջողվել է շրջափակումից դուրս բերել թվով 19 ժամկետային և պայմանագրային զինծառայողների: Հոկտեմբերի 10-ից գումարտակը բաժանվել է երկու մասի:
Մանրամասներն՝ ավելի ուշ