Չեխիան կարտաքսի մոտ 6 տասնյակ ռուսաստանցի դիվանագետների

Չեխիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զմեևսկին ժամանում է ԱԳ նախարարություն, Պրահա, 21 ապրիլի, 2021թ.

Չեխիայում աշխատող ռուսաստանցի դիվանագետների թիվը կհավասարեցվի Ռուսաստանում աշխատող չեխ դիվանագետների թվին:

Մոսկվայի և Պրահայի միջև լարվածությունը հասել է կիզակետին: Այսօր Չեխիայի իշխանությունները հրապարակել են պատասխանը Ռուսաստանից 20 չեխ դիվանագետների վտարմանը: Ռուսներն այդ քայլին են դիմել այն բանից հետո, երբ չեխերը 18 ռուսաստանցի դիվանագետի են արտաքսել: Չեխիան հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է համաչափության սկզբունքը:

Չեխիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զմեևսկուն այսօր պաշտոնապես տեղեկացրել են, որ դեսպանատան աշխատակիցների թիվը կրճատվում և հասցվում է Մոսկվայում Չեխիայի դեսպանատան աշխատակիցների թվին:

Արտգործնախարար Յակուբ Կուլհանեկն ասել է, որ ռուս դիվանագետներին տրվում է մինչև մայիսի վերջը երկիրը լքելու կարգադրություն:

Վարչապետ Անդրեյ Բաբիշն էլ ասել է, որ «Ռուսաստանի հետ իրավահավասար հարաբերություններտ հաստատելու Չեխիայի ջանքերը, դժբախտաբար, ձախողվել են, դա էլ ստիպել է ընդունել այսօրվա որոշումը»:

Գործնականում դա նշանակյում է մոտ վեց տասնյակ ռուսաստանցի դիվանագետների վտարում, և ահա թե ինչու՝ Ռուսաստանում աշխատում է Չեխիայի 5 դիվանագետ և 19 տեխնիկական աշխատող, Չեխիայում աշխատում է ռուսաստանցի 27 դիվանագետ և 67 տեխնիկական աշխատող:

Այդ երկու երկրների հարաբերություններում վերջերս ի հայտ եկած և ընդամենը մի քանի օրում վերին աստիճանի բորբոքված ճգնաժամի պատճառը ռուսական հատուկ ծառայությունների տարիներ առաջ իրականացրած ահաբեկչական գործողությունն է:

Ըստ Չեխիայի անվտանգության մարմինների, ГРУ (главное разведывательное управление) հապավումով նախկինում հայտնի Ռուսաստանի ռազմական հետախուզության (ներկայումս կոչվում է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչություն) 6 գործակալներ 2014 Վրբետիցե ավանում պայթեցրել են երկու զինապահեստ, ինչի արդյունքում զոհվել է երկու մարդ, հասցվել է նյութական վնաս:

Թիրախ է դարձել զինամթերքը, որը մի բուլղարացի զինավաճառի նախաձեռնությամբ պետք է փոխադրվեր Ուկրաինա:

Ժամանակին չեխերը ենթադրել են, որ այդ ողբերգությունը տեղի է ունեցել զինապահեստների աշխատողների անփութության հետևանքով:

Բայց հետաքննությամբ պարզվել է, որ դա ահաբեկչություն էր, և այն իրականացրած գործակալների թվում են եղել դրանից տարիներ անց՝ 2018 թվականին Բրիտանիայում, Սոլսբերի ավանում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային, «նովիչոկով» թունավորելու մահափորձը կատարած տխրահռչակ Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը (ըստ բրիտանական հետախուզության, այդ չեկիստների իրական անուն-ազգանուններն են Ալեքսանդր Միշկին և Անատոլի Չեպիգա):

Ռուսական կողմը կտրականապես հերքում է առնչությունը թե՛ Վրբետիցեի զինապահեստների պայթեցման և թե՛ Սկրիպալներին սպանելու փորձի հետ:

Ռուսաստանի արտգործմնախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր «Մոսկվա-24» հեռուստակայանին տված հարցազրույցում է մեկնաբանել իրավիճակը:

«Անհրաժեշտ է բոլոր հարցերը լուծել դիվանագիտական երկխոսության եղանակով, իսկ Պրահայի գործողությունները անհեթեթություն են և տրամաբանությունից դուրս են», - ասել է Զապարովան:

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը միանշանակ սատարում են Պրահային, այսօր այդ մասին է հայտնել նաև ՆԱՏՕ-ն:

Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Կրեմլում «շատ բացասական են գնահատում Պրահայի ընդունած որոշումները»:

Ենթադրվում է, որ ճգնաժամը դեռ կշարունակվի, քանի որ Մոսկվան խոստացել է նոր որոշումներ հրապարակել:

Այդպես կողմերը «պատասխանում են պատասխաններին» և հետզհետե կրճատում հավատարմագրված դիվանագետների թիվը, որն առնվազն տեսականորեն կարող է իջնել մինչև զրո: