Այսօր երեկոյան Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի և Բելառուսի նախագահների բանակցությունները

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները կքննարկեն երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով նաև Միութենական պետության շրջանակներում փոխգործակցության հեռանկարներին:

Փորձագիտական գնահատականով, Լուկաշենկոյի այցի գլխավոր նպատակը Պուտինից հերթական ֆինանսական օգնություն ստանալն է, ինչի համար նա կարող է օգտագործել Մինսկում պետական հեղաշրջման փորձի մասին տեղեկատվությունը:

Ընդ որում, Բելառուսի ընդդիմությունը մտավախություն ունի, որ Լուկաշենկոն կարող է մի շարք համաձայնագրեր ստորագրել, որոնք սպառնալիքի տակ կդնեն Բելառուսի ինքնիշխանությունը։

Ռուսաստանցի փորձագետները հաշվել են, որ քառորդ դարի ընթացքում Լուկաշենկոն կարողացել է Ռուսաստանից 137 մլրդ դոլար ստանալ՝ որպես ապագա ինտեգրման կանխավճար։ Մոսկվան պարբերաբար վերջնաժամկետ էր ներակայացնում Մինսկին։ Իսկ Լուկաշենկոն Ռուսաստանի իշխանությունների դեմ հայտարարություններ էր անում, նույնիսկ փորձում էր կարգավորել հարաբերությունները Արևմուտքի հետ։

Անցած նախագահական ընտրությունները, սակայն, փոխեցին այս բարդ խճանկարում ամեն ինչ՝ Լուկաշենկոյին որպես լեգիտիմ նախագահ չեն ընդունում Արևմուտքում, իսկ Մոսկվան շտապեց օգնել Լուկաշենկոյին։

Այսօր կայանալիք բանակցությունների ֆոնի, սակայն, առանձնահատուկ է, և փորձագետները չեն բացառում, որ Կրեմլում այսօր հայտարարվի Ռուսաստան - Բելառուս ինտեգրման խորացման նոր՝ ավելի բաձր մակարդակի մասին։ Բանակցությունները պետք է կայանան Բելառուսում պետական հեղաշրջման նախապատրաստման մասին տեղեկատվության հայտնվելուց անմիջապես հետո: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը և Բելառուսի ԿԳԲ-ն միասին էին տարածել դավադրության մասին տեղեկատվությունը, որում ասված է, թե գերատեսչություններին հաջողվել է կանխել Բելառուսի նախագահի դեմ մահափորձը: Նրանց տվյալներով, հեղաշրջման նախապատրաստման հետևում կանգնած էին մինսկցի քաղաքագետ Ալեքսանդր Ֆեդուտան, իրավաբան Յուրի Զենկովիչը և «Բելառուսի ժողովրդական ճակատի» առաջնորդ Գրիգորի Կոստուսևը:

Հատուկ ծառայությունները հայտնել են, որ Լուկաշենկոյի դեմ մահափորձը պլանավորված է եղել մայիսի 9-ին, երբ Մինսկում պետք է Հաղթանակի շքերթ տեղի ունենա: Բելառուսի նախագահը պնդում է, որ պետական հեղաշրջումը կազմակերպվել է ԱՄՆ-ի ղեկավարության կողմից՝ «գունավոր հեղափոխությունների» սցենարով, իսկ դավադիրները ծրագրել են նույնիսկ պատանդ վերցնել իր երեխաներին:

Իր հերթին, Պուտինը երեկ Դաշնային ժողովին հղած ուղերձում մատնանշել էր Բելառուսում պետական հեղաշրջման փորձը չնկատելու Արևմուտքի դժկամությունը։

«Կարելի է ցանկացած տեսակետ ունենալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքականության վերաբերյալ, բայց պետական հեղաշրջումների, քաղաքական սպանությունների կազմակերպման պրակտիկան, այդ թվում և բարձրաստիճան պաշտոնյաների, արդեն բոլոր սահմաններից դուրս է», - ասել է Պուտինը։

Ամեն դեպքում, դժվար է գուշակել, թե ինչպես կավարտվեն այսօրվա բանակցությունները։ Պաշտոնապես որևէ համաձայնագիր ստորագրելու կամ որոշումներ պատրաստելու մասին տեղեկություն չկա։ Բանակցությունների ուշ ժամն էլ խոսում են այն մասին, որ դժվար թե երեկոյան հայտարարեն Ռուսաստան - Բելառուս ինչ-որ նոր միության մասին։ Սակայն բելառուսական ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում ՝ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, մտավախություն ունեն, որ Լուկաշենկոն կարող է Ռուսաստանի հետ ինչ-որ համաձայնության գալ, ինչը սպառնալիք կստեղծի Բելառուսի Հանրապետության ինքնիշխանության համար: