Երթուղայինում դիմակ չկրելու հետ կապված սպանության դեպքով կալանավորվել է 57-ամյա տղամարդը

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտիտեն հաղորդում է, որ պարզվել են երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ:

Ըստ հաղորդագրության՝ քննությամբ պարզվել է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի 57-ամյա բնակիչը երթուղային միկրոովտոբուսի մեջ, դիմակ չկրելու հետ կապված՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակչի կողմից արված դիտողության հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել տղամարդու կրծքավանդակին` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով նրան:

Ապրիլի 20-ին տղամարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և տվել խոստովանական ցուցմունք:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա, ինչպես կոմիտեն է նշում, 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: