Մի քանի ամիս առաջ Երևանյան երթուղիներ մտան «Գազել» մակնիշի նոր միկրոավտոբուսներ։ Քաղաքապետարանի վստահեցմամբ, տրանսպորտային ռեֆորմն ընթանում է նախանշված ժամանակացույցի համաձայն։
Ավտոբուսների ձեռք բերման համար հայտարարված մրցույթներում եվրոպական չափորոշիչներ են դրված, վստահեցնում է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը․ - «Քաղաքապետարանի դրած մրցութային պայմաններում եվրոպական ստանդարտների չափորոշիչներ են դրված։ Էնպիսին, ինչպիսին են ցածր հատակը, լուսային վահանակները, օդափոխությունը՝ ամառվա համար հովացնող համակարգեր, ձմեռվա համար ջերմացնող համակարգեր, և այլն։ Բնականաբար սրահը բավական ընդարձակ է։»
Այսպիսի մրցույթներ այժմ էլ ընթացքի մեջ են. – «Նույն պայմաններով, նույն չափորոշիչներով կրկին 8,6 մետրանոց ավտոբուսների համար մրցույթը հիմա կայացման ընթացքում է, բավական լավատեսական ընթացքի մեջ է։ Դրանից բացի, նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ դրվել է 100 հատ արդեն ավելի մեծ՝ 12 մետրանոց ավտոբուսների մրցույթ»։
Կարապետյանի խոսքով, նոր ավտոբուսների գործարկմամբ տրանսպորտային համակարգում փոփոխությունը տեսանելի կլինի. - «311 նոր շարժակազմ, դրան գումարած շուրջ 250 մեր ունեցած մանուշակագույն ավտոբուսները, որոնք բավական լավ վիճակում են, դրան էլ գումարած մի քիչ ավելի հեռու հեռանկարում 100 հատ 12 մետրանոցները։ Մենք կարող ենք ասել, որ արդեն մինչև տարվա վերջ և հաջորդ տարվա ընթացքում մեծավ մասամբ շարժակազմի հետ կապված խնդիրը լուծած կլինենք»։
Քաղաքապետարանի մամուլի խոսնակը նշեց, որ քաղաքային իշխանությունների խնդիրը այնպիսի տրանպորտային համակարգ ունենելն է, որը մարդկանց թույլ կտա անձնական մեքենաները քաղաքում չօգտագործել։