Դատախազությունը Ոստիկանությանը հանձնարարել է Սյունիքում կատարվածի առնչությամբ նյութեր պատրաստել

Գլխավոր դատախազությունը հանձնարարել է Ոստիկանությանը քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստել այսօր Սյունիքի մարզում կատարվածի առնչությամբ։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք ուղեկցվում է բողոքի ակցիաներով։ Իրավիճակը պարբերաբար լարվում է, օրինակ՝ մեղրեցիները փորձում էին խոչընդոտել նրա տեղաշարժը՝ պահանջելով հեռանալ։

Վարչապետը երեկվանից է Սյունիքում, եղել է պատերազմից հետո սահմանային ճշտումների արդյունքում սահմանամերձ դարձած Շուռնուխում։ Մարզում հենց այդ ճշտումների պատճառով դժգոհություն կա իշխանությունների նկատմամբ։ Մի շարք համայնքապետեր պահանջել էին Փաշինյանի հրաժարականը։

Վարչապետի այցի մասին նախօրոք չէր հայտարարվել։