Երևանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահի սպառնալիքները

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտում է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Այս մասին հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Իլհամ Ալիևի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ մեկնաբանելով Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքները, որոնք Ադրբեջանի ղեկավարը հնչեցրել է իր երկրի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում, Նաղդալյանը շեշտել է. - «Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը»:

«Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ», - նշել է ԱԳՆ խոսնակը:

«Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ:

Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար», - հայտարարել է Աննա Նաղդալյանը:

Հիշյալ հարցազրույցում Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, թե կատարելու են «Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը»՝ անկախ նրանից՝ Հայաստանն ուզում է դա, թե՝ ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, խնդիրը, ըստ Ալիևի, կարելի է լուծել հեշտությամբ, եթե ոչ՝ իրենք «այն կլուծեն ուժով»: Նա նաև հայտարարել է, թե «101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է զավթված Զանգեզուր»: