ԱՄՆ նախագահի գրասենյակն արձագանքել է հայ պատմաբանների նամակին

ԱՄՆ նախագահի գրասենյակը պատասխանել է հայ պատմաբանների նամակին, որ վերաբերում էր Ցեղասպանություն եզրույթը գործածելուն:

Նամակով նախագահ Ջոզեֆ Բայդենին էին դիմել Հայաստանի պատմագետների ընկերակցությունը, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմաբանները:

Այսօր ակադեմիայում քննարկման ժամանակ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ընթերցել է ստացված արձագանքը:

«Շնորհակալություն Բայդեն, Հարիս վարչակազմի հետ կապեր հաստատելու համար:

Նախագահ Բայդենը և փոխնախագահ Հարիսը գնահատում են մեզ հետ շփվելու յուրաքանչյուր հնարավորություն, և վարչակազմը շնորհակալ է ձեր տեղեկատվության համար: Մեր երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, և ձեր նմանօրինակ նամակներն օգնում են մեզ ավելի պարզ և լավ հասկանալու, թե ինչպես Բայդեն, Հարիս վարչակազմը կարող է օգտակար լինել ձեզ: Մենք ուշադիր կուսումնասիրենք ստացված նամակը և կաշխատենք տալ ընթացք», - ասված է Բայդենի նամակագրության գրասենյակի պատասխանի մեջ: