Անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը տարիներ շարունակ հիացրել է ունկնդրին թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրի հեղինակավոր բեմերում ունեցած իր համերգներով: Անմոռանալի են անցյալ տարի Ծիծեռնակաբերդի բարձունքում նրա դաշնամուրային կատարումները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին։
Իսկ այսօր երեկոյան նա մի անչափ ուշագրավ համերգային ծրագրով հանդես կգա Կամերային երաժշտության տանը, որտեղ մեծ մասամբ կհնչեն համաշխարհային պրեմիերաներ: «Շշունջս քամուն» խորագրի ներքո կայանալիք մենահամերգը նույնպես նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:
Համերգի խորագիրը Սկարլատիի «Տիգրան» օպերայի համանուն արիայից է վերցված: Արիայի դաշնամուրային փոխադրումը Հայկ Մելիքյանի կողմից իր իսկ կատարմամբ այս երեկո կհնչի առաջին անգամ:
«Մեծամասամբ դաշնամուրային փոխադրումների համերգ է ինձ համար։ Բացի դրանից, ներկայացնելու եմ իմ սեփական փոխադրումները․ իտալացի կոմպոզիտոն Բերգոլետտիի «Ստաբաթ Մատերից» մի հատված է, որը փոխադրեցի անցած տարի, և այսօր արդեն դրա պրեմիերան կլինի, նաև Սկարլատտիի «Տիգրան» օպերայից մի արիա։ Դա Տիգրանի մոր արիան է՝ «Շշունջս քամուն»։ Նաև Կոմիտասի «Յոթ երգից» մեկը, Գրիգոր Նարեկացու «Հավուն» շարականի փոխադրումն եմ արել, որը պիտի ներկայացնեմ այսօր։ Եվ ուրախ եմ, որ պիտի կատարեմ շատ երիտասարդ մի կոմպոզիտորի՝ Արեգ Գալոյանի «Ազնարե» ստեղծագործությունը, որը նույնպես պրեմիերա կլինի», - լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Մելիքյանը։
Ապրիլի 24-ը յուրաքանչյուր հայի համար իր խորհուրդն ունի, և Հայկ Մելիքյանը շեշտում էր, որ որպես երաժիշտ իր զգացողություններն այս կապակցությամբ կարող է միայն երաժշտությամբ արտահայտել: Այս դեպքում, ասում էր, մեծ նշանակություն ունի համերգային ծրագրի ընտրությունը․ - «Անցած տարվա կատարումս շատ ազդեցիկ էր։ Ես նույնպես չէի սպասում, որ այդպիսի էմոցիաներ կունենամ հենց Ծիծեռնակաբերդի բարձունքին գտնվելով, այնտեղ նվագելով: Համախմբվել էին բոլոր զգացմունքներս՝ վրեժխնդրությունը, թախիծը, ցավը․․․ Իրավիճակ է, որ պետք է ուժ գտնել և կոնկրետ տվյալ պահին նվագել, իմ դեպքում։ Բայց մարդիկ պետք է ուժ գտնեն ապրելու, ստեղծագործելու»։
Հայկ Մելիքյանի պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը հավելեց, որ, ցավոք, համավարակով պայմանավորված Հայկ Մելիքյանի բազմաթիվ արտասահմանյան համերգներ հետաձգվել կամ չեղարկվել են, բայց, ինչպես ասաց Հակոբյանը․ - «Ամսի 25-ին համերգը հեռարձակվելու է մի քանի յություբյան և ֆեյսբուքյան ալիքներով՝ Միացյալ Նահանգները թիրախավորելով։ Եվ Միացյալ Նահանգներում, տարբեր գոտիներում բավականաչաձ հարմար ժամերի հատուկ կոմունիկացիոն քաղաքականություն ենք վարել և վարելու ենք, որպեսզի 25-ին դիտեն ոչ միայն մեր սփյուռքահայ բարեկամները, այլ նաև դիտեն հնարավորինս շատ դասական երաժշտության սիրահարներ, ովքեր նաև կհասկանան, թե ինչի մասին է խոսքը։ Իրականում Հայկ Մելիքյանը աշխարհի որ անկյունում էլ լինի, ամեն տարի ունենում է համերգ և նվիրում է կոնկրետ մեզ համար գոնե ողբերգական այդ իրադարձությանը, բայց այս տարի մի ունիկալ բան կա, որ ցանկանում եմ շեշտել․ կազմակերպելիս Հայկի հետ մի ծրագիր ենք մտածել, որը ապրեցնելու շատ ուժեղ խորհուրդ ունի։ Որովհետև այն մարդիկ, ովքեր տոմսեր են գնել, նրանք արդեն իսկ հանգանակություն են անում մեր ընկած զինվորների ընտանիքների աջակցության կենտրոնի բացմանը։ Այսինքն համերգի մասնակիցները այդպիսով օգնելու են ապրող մարդկանց, որպեսզի այդ ընտանիքներին, այդ երեխաներին մենք մաքսիմալ սատար կանգնենք։ Դա շատ կարևոր գործոն է»։