Հայկական մեդիան ըստ «Լրագրողներ առանց սահմանների»՝ «բազմազան, բայց դեռևս ոչ անկախ»

«Բազմազան, բայց ոչ անկախ», - «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այսօր հրապարակած իր տարեկան զեկույցում այսպես է բնութագրում հայաստանյան լրատվամիջոցների ներկա վիճակը։

Կազմակերպության գնահատմամբ՝ մամուլի ազատության մակարդակով Հայաստանն այսօր աշխարհի 180 երկրների թվում 63-րդն է։ Թեև նախորդ տարվա համեմատ մեր երկիրը երկու հորիզոնականով նահանջել է, այնուհանդերձ այն շարունակում է մնալ հետխորհրդային տարածքի ամենաազատ մամուլ ունեցող պետություններից մեկը՝ զիջելով միայն հարևան Վրաստանին։

«Թեև մեդիաբազմազանությունը երկրում ծաղկում է, այնուհանդերձ, 2018 թվականի գարնանը տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» արդյունքում ձևավորված կառավարությունն այդպես էլ չի կարողացել նվազեցնել լրատվամիջոցների բևեռացման մակարդակը», - պնդում են զեկույցի հեղինակները՝ արձանագրելով, -«առաջատար հեռուստաընկերությունների խմբագրական քաղաքականությունը համընկնում է դրանց սեփականատերերի շահերի հետ, լրատվամիջոցների սեփականատերերի մասին տեղեկատվության թափանցիկությունն ու լրագրողական անկախությունը դեռ շատ հեռու են կայացած իրողություն համարվելուց»։

Նշելով, որ լրագրողների անկախ գործունեության հնարավորությունները էլ ավելի սահմանափակվեցին 2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մեկնարկից հետո, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության փորձագետները նկատում են, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները երբեմն նաև քաղաքական որոշ խմբերի հարձակումների թիրախ են դառնում։

«Դա տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին, երբ հրադադարի կնքումից քիչ անց հարձակման ենթարկվեց «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը», - կարդում ենք զեկույցում։

Դրա հեղինակները նաև նկատում են, որ հայաստանյան լրատվամիջոցների գործունեությունը շատ հաճախ ենթարկվում է դատական մարմինների միջամտությանը։

«Լրագրողների դեմ դատական վարույթների և կեղծ լուրերի դեմ պայքարում արձանագրվող միջադեպերի ծավալը մտահոգիչ է։ Մտահոգության տեղիք է տալիս նաև անվտանգության ծառայությունների ներգրավումը ապատեղեկատվության դեմ պայքարում, ինչպես նաև այն հանգամանքը, որ [ապատեղեկատվության դեմ պայքարին վերաբերող] օրենքներն ընդունելու փորձերը ձեռնարկվում են առանց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների հետ նախապես քննարկելու», - պնդում են զեկույցի հեղինակները։

Ամփոփելով Հայաստանի լրատվական դաշտում տիրող կացությունը՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հատուկ ընդգծում է. «Հարկ է նկատել, որ հետաքննական լրագրությունը համացանցում լայն տարածում է ստացել՝ ի վիճակի լինելով կարևոր դեր խաղալ երկրում կոռուպցիայի դեմ ծավալված պայքարում»:

Անդրադառնալով հարևան Ադրբեջանում տիրող իրավիճակին՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն արձանագրում է՝ «մամուի ազատության ցուցանիշով երկիրը շարունակում է աշխարհի հետնապահների թվում մնալ՝ զբաղեցնելով 167-րդ հորիզոնականը»։

«Առաջատար անկախ կայքերը շարունակում են արգելափակված մնալ։ 2019-ի վերջին մոտալուտ բարեփոխումների մասին հավաստիացումները արագորեն հօդս ցնդեցին։ Հետընտրական խստացումները, կորոնավիրուսային ճգնաժամը և Հայաստանի հետ վիճելի տարածք համարվող Լեռնային Ղարաբաղում աշնանը ծագած պատերազմը էլ ավելի մեծացրեցին գրաքննության ծավալները և էլ ավելի վատթարացրեցին լրագրողների վիճակը», - նշում են զեկույցի հեղինակները։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նաև պարզել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները այնպիսի ծրագրային ապահովում են կիրառել, որը հնարավորություն է տվել ամբողջությամբ արգելափակել համացանցը։ «Կիբերանվտանգության համար նախատեսված նման ծրագրեր ձեռք են բերվել այնպիսի տրանսազգային ընկերություններից, ինչպիսին են Allot-ը և Sandvine-ը», - պնդում են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա զեկույցի հեղինակները՝ հավելելով, որ 2020 թվականին հետխորհրդային տարածքում Ադրբեջանից բացի համացանցի համատարած արգելափակման դիմել են նաև Բելառուսն ու Ղրղըզստանը։

Ինչ վերաբերում է Հայաստանին սահմանակից մեկ այլ պետությունում՝ Թուրքիայում տիրող կացությանն, ապա այստեղ, ըստ զեկույցի հեղինակների, հիմնական խնդիրը շարունակում է մնալ լրատվամիջոցների նկատմամբ Էրդողանի կառավարության կողմից սահմանված գրեթե լիակատար վերահսկողությունը։

«Կառավարությունը վերահսկում է երկրում գործող լրատվամիջոցների 90 տոկոսը», - պնդում են զեկույցի հեղինակները՝ մանրամասնելով, - «Թուրքիայի կողմից Սիրիայի հետ սահմանի երկայնքով և Իդլիբի տարածաշրջանում իրականացվող ռազմական գործողություններ, ռազմական միջամտություն Լիբիայում, սիրիացի փախստականների շուրջ ճգնաժամի քաղաքական շահարկումներ, Covid 19-ի դեմ պայքար՝ այս ամենը օգտագործվել է [թուրքական կառավարության կողմից] քննադատական մոտեցում որդեգրած լրատվամիջոցների նկատմամբ ավտորիտար քաղաքականությունը սաստկացնելու և դատական համակարգը քաղաքական նպատակներով օգտագործելու համար»: