Թբիլիսի է ժամանում Եվրոպական խորհրդի նախագահը

Վրաստան - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեսակապով մասնակցում է վրացական ընդդիմության և իշխանության կողմից համաձայնագրի ստորագրմանը, Թբիլիսի, 19-ը ապրիլի, 2021թ․

Այսօր Թբիլիսի է ժամանում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Այցի նախօրեին Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն ու իշխանությունը համաձայնել էին ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման՝ Բրյուսելի և Վաշինգտոնի մշակած առաջարկին։

Կողմերը երեկ նախագահական նստավայրում համաձայնագիր են ստորագրել, որով ընդդիմադիր ուժերը պարտավորվում են չբոյկոտել անցած տարվա հոկտեմբերին ձևավորված խորհրդարանի աշխատանքները, իշխանություններն էլ դադարեցնում են քրեական հետապնդումը բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում էին 2019-ի հունիսին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար։ Փաստաթղթով Թբիլիսին հանձն է առնում նաև բարեփոխել ընտրական օրենսգիրքը և է՛լ ավելի խորացնել դատական բարեփոխումները։

Համաձայնագիրը ստորագրել են խորհրդարան անցած բոլոր ընդդիմադիր ուժերը՝ բացի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունից․ Միացյալ ազգային շարժումից փաստաթղթին միացել է միայն մեկ պատգամավոր, ում խոսքով՝ կուսակցության ներսում այս հարցի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։

«Այս համաձայնությունն առաջընթաց է Վրաստանի համար և քայլ դեպի եվրոատլանտյան ինտեգրացում», - ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանը։