Հինգշաբթի օրը քվեարկության դրվելիք բանաձևի նախագծով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է անում ազատ արձակել ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին մինչև հունիսի 7-ը, ինչպես նաև նրան անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրել:
Ֆրանսիացի պատգամավոր Ժակ Մերի պատրաստած բանաձևի նախագծով, որին հաջողվել է ծանոթանալ ՏԱՍՍ-ի թղթակցին, Ռուսաստանին կոչ է արվում ազատ արձակել Նավալնին մինչև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` մարդու իրավունքների թեմայով հերթական նիստը: Եվրախորհրդի կայքում տեղադրված ժամանակացույցի համաձայն՝ այդ հանդիպումը նախատեսված է հունիսի 7-9-ը:
Ալեքսեյ Նավալնին նախօրեին բանտից տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելի վաղ բժիշկները պնդել էին, որ ընդդիմադիր գործչի առողջական վիճակը մոտ է կրիտիկականին, առկա է սրտի աշխատանքի հանկարծակի դադարի վտանգ։
Ռուսաստանում «Նովիչոկ» տեսակի նյութով թունավորումից բուժումը Գերմանիայում ավարտելուց հետո Ալեքսեյ Նավալնին հունվարի 17-ին վերադարձել է Ռուսաստան և անմիջապես ձերբակալվել, ապա՝ կալանավորվել։ Փետրվարի 2-ին դատարանը նրան 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել։ Կրեմլի գլխավոր քննադատը մարտի 31-ին հրաժարվել է սննդից՝ բողոքելով ոտքի և մեջքի ցավի համար անհրաժեշտ բժշկական օգնության բացակայության դեմ: