«Հարմար»-ի հանրային լսումներն իրականում հանրային չեն եղել», Թումանյանի որոշ բնակիչներ միտում են տեսնում

Լոռու մարզի Թումանյան համայնքում «Հարմար» անվանումով ընկերությունը մետաղական հանքավայրի երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու նախնական համաձայնություն է ստացել համայնքից, ինչը դժգոհություն է առաջացրել որոշ բնակիչների ու բնապահպանների շրջանում։

Ապրիլի 8-ին տեղի ունեցած հանրային լսումների արձանագրության համաձայն, համայնքի 7 բնակավայրերից մեկում՝ Մարցում, հանրային լսումներին մասնակցել է 24 բնակիչ։ Նրանցից միայն 17-ն է ստորագրել արձանագրության տակ։

Թումանյանի բնակիչ, բնապահպան Վահե Աղամյանն ասում է՝ համայնքապետարանը պատշաճ չի ծանուցել տեղի ունենալիք հանրային լսումների մասին, և որ քննարկումն իրականում հանրային չի եղել։

«Բնապահպանական խնդիրներն, իմ կարծիքով, ոչ միայն համայնքային նշանակություն ունեն, այլև հայաստանյան և նույնիսկ համաշխարհային, հետևաբար այդ հարցերը պետք է լայնորեն տարածել բոլոր հնարավոր միջոցներով։ Արդեն իսկ, փաստորեն, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամեն օր, ամեն ժամ մտնի իր համայնքի կայք, որ տեսնի ինչ է կատարվում։ Սենց մենք վախով պիտի ապրենք, որ ինչ-որ մի տեղ մի հանք չբացեն, մի ՀԷԿ չբացեն՝ առանց մեր թույլտվության», - ասաց բնապահպանը։

Թումանյանցի Վահե Աղամյանն ասում է՝ եթե շատ տեղեկություններ, որոնք անգամ անկարևոր են համայնքի համար, տեղադրվում են համայնքի ղեկավարի անձնական կամ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում, ինչո՞ւ այս դեպքում սոցիալական ցանցով չեն տեղեկացրել։ Ծանուցումն արվել է պաշտոնական կայքէջում, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետություն» թերթում, որից երբևէ որևէ օրինակ Թումանյան չի հասնում։

«Էստեղ մեզ մոտ հարց է առաջանում ուղղակի՝ ինչո՞ւ, դա կամ այդ երևույթին լուրջ չվերաբերվել է, կամ միտում է, մենք չգիտենք ուղղակի», - ասաց բնապահպանը։

Մինչդեռ երկու ամիս առաջ Թումանյանի համայնքապետի պաշտոնակատար նշանակված Տիգրան Մխիթարյանը պնդում է՝ անձամբ հեռախոսազանգերով է տեղեկացրել Մարց բնակավայրի բնակիչների 90 տոկոսին, ընդ որում, ոչ միայն հրավիրել է ապրիլի 8-ին կայանալիք հանրային լսումներին, այլև նախապես հարցրել է նրանց կարծիքը տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ թույլ տալու մասին։ Նա ասում է՝ բոլորը համաձայն էին ու շեշտում, որ դա չէր վերաբերում հանքարդյունաբերության թույլտվությանը։ Իսկ հանրային ավելի լայն ծանուցում չանելը Մխիթարյանը թերացում է համարում, պնդում է՝ հետին մտքեր ու միտում չի ունեցել։

«Բացարձակ միտում չկա, ուղղակի բաց ենք թողել էդ մասը, ոչ թե չեմ կարևորել, ուղղակի բաց է մնացել։ Ես պարտավոր չեմ Ֆեյսբուքով տեղեկացնել, ուղղակի ես սկզբի օրվանից էլ որդեգրել եմ թափանցիկ աշխատանքը, ես ամեն ինչն եմ տեղեկացնում իմ բնակիչներին, ես որևէ թաքուն բան․․․ միգուցե նկատել եք Ֆեյսբուքով իմ էջում որևէ անձնական վիրավորանք, կոռուպցիոն ռիսկ, չկա տենց բան ու չի էլ կարա լինի», - ասաց համայնքապետի պաշտոնակատարը։

Տիգրան Մխիթարյանը կարծիք չի հայտնում՝ արդյո՞ք համաձայն է, որ ուղիղ մեկ ամիս առաջ հիմնադրված «Հարմար» ընկերությունը հանքարդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնի հարուստ բնություն ունեցող Մարց, Քարինջ և Թումանյան բնակավայրերում։

«Ժողովուրդն ինչ ասի, ժողովուրդը տա իր թույլտվությունը, ես կտամ իմ համաձայնությունը, ժողովուրդը չի տա, ես չեմ տա, այլ տարբերակ պարզապես Թումանյան խոշորացված համայնքում չկա ու չի լինի այնքան ժամանակ, ինչքան էս պաշտոնը ես եմ զբաղեցնում», - եզրափակեց համայնքապետի պաշտոնակատարը։

Թումանյան և Մարց բնակավայրերում շատերը չէին լսել տեղի ունեցած հանրային լսումների մասին։ Գյուղական բնակավայրում մեզ հանդիպած բնակիչների մեծ մասն առհասարակ դեմ էր համայնքում հանքի շահագործմանը։ Նրանք անգամ հանքանյութ որոնելն անիմաստ էին համարում ու նշում, որ դեռ շատ վաղուց բազմաթիվ երկրաբաններ են եկել ու գնացել իրենց բնակավայր։ Մինչդեռ նախկինում քաղաք համարված Թումանյանում շատերը կողմ էին արտահայտվում. թող բացվի, աշխատատեղ լինի, ասում էին։

«Աշխատանքի տեղ կլինի, ոսկին ինքը տեղով հարստություն ա, ո՞նց չի լավ լինի։ Դե` հա, վնասակար բաներ էլ ունի, բայց դե օգուտն էլ շատ ա։ Բա հիմա սենց աղքատ ժողովուրդը կոտորվում ա, մեկ ա սովից են մեռնում, թող կուշտ մեռնեն», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց․ - «Աշխատատեղ են ուզում բացել, թող բերեն կարի արտադրամաս բացեն, մարդիկ գնան, աշխատեն»։

Հանքարդունաբերական նպատակներ ունեցող «Հարմար» ընկերությունը հանրային լսումների ժամանակ իրենց ծրագրերից մանրամասներ չի ներկայացրել։ Ընկերության միանձնյա սեփականատեր և տնօրեն Կարեն Խաչատրյանը խոստացել է, որ առաջիկա օրերին դեռ գալու են մասնագետների հետ՝ իրենց նպատակների մասին խոսելու։