Արցախի ԱԻՊԾ փոխնախարարը «ֆեյք» ու «կեղծ» է համարում տեղեկությունը, թե ադրբեջանցիները գալիս են Ստեփանակերտ առևտուր անելու

Այն պրակտիկան, որը որ կա՝ քննարկումներ կազմակերպել Հայաստանի Հանրապետության պետական այրերի կողմից սոցիալական ցանցերում, պետք է դադարեցնել, այսօր Ազգային ժողովում՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայ գերիների թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխնախարար Բորիս Ավագյանը։

«Ինչ վերաբերում է գերիների վերադարձի խնդիրներին՝ պետք է աշխատանքային խումբ ստեղծել, որը որ կկարողանա հասարակությանը տրամադրել այն կրճատ ինֆորմացիան, որը պետական գաղտնիք չի պարունակում, որ մարդիկ իմանան, թե ինչ է կատարվում։ Երբ որ քաղաքացիներն ասում են՝ «բոլորս զբաղվում ենք գերիներով՝ ամեն օր», լավ արտահայտություն է, բայց քաղաքացիներն ուզում են մի քիչ ռացիոնալ տեղեկություն ստանալ, թե ինչ իրենք սպասեն։ Իսկ Ազգային ժողովն այն ինստիտուտն է, որն ունի հնարավորություն պետական մնացած այրերին և ուժային կառույցներին տալ հարցադրում։ Ձեր իրավասություններից ելնելով, եթե դուք տաք այդ հարցադրումները, ստանանք պատասխանները և կարողանաք ամփոփել այդ ինֆորմացիան և վերլուծեք, հնարավոր է և ավելի արագանա այն ռացիոնալ որոշումը, որը որ կարող է տեղի ունենա և թույլ տա, որ խնդիրը լուծված լինի և տղաները վերադառնան», - ասաց Ավագյանը։

ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ ադրբեջանցի զինծառայողները հնարավորություն են ունենում Արցախի կամ Հայաստանի տարածքում հայտնվելու ու գնումներ անելու, և հարցին, թե ինչո՞ւ չեն գերեվարում այդ մարդկանց, որ հայկական կողմն էլ խաղաքարտեր ունենա իր ձեռքում, Ավագյանն այսպես արձագանքեց․ - «Ես բացառում եմ այդպիսի տարբերակ, որ ինչ-որ ադրբեջանցի կարա գա Ստեփանակերտ առևտուր անի, դա սոցկայքերում ֆեյք ինչ-որ բաներ են տեղադրված։ Ես բացառում եմ այդ տարբերակը, որովհետև, եթե դու շաբաթը երեք-չորս անգամ անցնում ես այդ ճանապարհով, դու հասկանում ես, որ դա կեղծ տարբերակ է։ Ես չգիտեմ, թե ով է տարածում այդպիսի կեղծ տեղեկություններ, մենք էլ կարող ենք տեղեկություներ տարածել, որ Բաքվում ենք ման գալիս։ Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ դա բացառվող տարբերակ է, եթե տենց բան լինի, ես ձեզ խոստանում եմ որպես պաշտոնյա անձ, իմ զենքով գերեվարեմ տենց ադրբեջանցու։ Ես Ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե մեր քաղաքացիներից ինչ-որ մեկն ասի, որ ադրբեջանցի կա Ստեփաակերտում, ես անձամ կգերեվարեմ։ Դա ֆանտաստիկա է, կեղծ, ֆեյք տեղեկատվություն է, տենց դեպք չի կարող տեղի ունենալ»։

Նշենք, որ քննարկման նախաձեռնությունը անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանինն է,Վարդան Աթաբեկյանինն ու Աննա Գրիգորյանինը։