Ռուսաստանի հատուկ ծառայությունները պնդում են, թե կանխել են Բելառուսում ծրագրվող հեղաշրջումը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Բելառուսի Պետանվտանգության կոմիտեյի հետ անցկացված համատեղ գործողության ընթացքում կանխել է Բելառուսում ծրագրվող ռազմական հեղաշրջումը և երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ մահափորձը։

Հեղաշրջման մեջ կասկածվող բելառուս գործիչներից երկուսը ձերբակալվել են Ռուսաստանի մայրաքաղաքում և փոխանցվել պաշտոնական Մինսկին։ Դրանք են ԱՄՆ և Բելառուսի քաղաքացի, փաստաբան Ալեքսանդր Զինկևիչը և քաղաքագետ Ալեքսանդր Ֆեդուտան, որ Լուկաշենկոյի իշխանության առաջին տարիներին զբաղեցրել է նրա մամուլի քարտուղարի պաշտոնը։

Լուկաշենկոյի պնդմամբ՝ «ԱՄՆ բարձրագույն ղեկավարությունը հավանություն էր տվել իմ և իմ որդիների դեմ մահափորձին»։