Ում չենք կարողացել դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել, ասում է վարչապետը

Մեր երկրի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա, այսօր Վայոց ձորի մարզում հայտարարեց Հայաստանի վարչապետը: Նա նշեց, որ շատերի մոտ կարող է հարց ծագել, թե ինչու այդ համակարգը արցախյան պատերազմի ընթացքում չաշխատեց, ինքն էլ պատասխանեց այդ հարցին, թե այդ անվտանգային համակարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության այն սահմանների վրա, որը ՀՀ-ն ինքը 2010թ. օրենքով սահմանել է:

«Այսօր ասում են` էտ ո՞նց է, որ Շուռնուխ գյուղից արևելք ադրբեջանցիներ են կանգնած: Ասում ենք՝ շատ պարզ պատճառով, որովհետև 2010 թվականին Հայաստանում ընդունվել է Վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ գրված է եղել՝ Շուռնուխից արևելք Ադրբեջանի Հանրապետությունն է: Այսինքն` Շուռնուխի համայնքային հողերից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է:

Ասում են՝ այդ ո՞նց է, որ Սոթքից այն կողմ ադրբեջանցիներն են եկել, կանգնել: Նաև այն պատճառով, որ 2010 թվականի Վարչատարածքային բաժանման մասին օրենքով Հայաստանի Հանրապետությունը գրել է, որ Հայաստանի սահմանն ավարտվում է Սոթքում, և դրանից հետո Ադրբեջանի Հանրատետությունն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս անդրադարձավ նաև դատական համակարգին` նշելով, որ խնդիրներ կան: Փաշինյանը հիշեցրեց` հեղափոխությունից հետո ընտրել էին «ոչ վենդետաներին» սկզբունքը: «Այսօր ՀՀ-ում երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաքիչ կալանավորված և դատապարտված անձինք են, այսինքն` Հայաստանի բանտերում երբեք ավելի քիչ մարդ չի եղել, որքան այսօր»: Սա, ըստ նրա, նշանակում է, որ այո, ոչ բոլոր մեղավորներն են այսօր բանտարկված, այսօր անմեղները բանտում չեն:

«Այսօր մարդիկ շատ արդար հարց են բարձրացնում, ասում են` այ էս ինչին չկարողացաք դատել, առաջիկայում լինելու են խորհրդարանական ընտրություններ, ում որ մենք չենք կարողացել դատել, դուք ինքներդ կարող եք ձեր քվեարկությամբ դատել: Դա էլ է դատ: Ում ձեր կարծիքով մենք պիտի դատեինք ու չէինք կարողացել դատել, ուշանում է դա, հունիսի 20-ին ձեզանից յուրաքանչյուրը կարող է դատել: Մեզ էլ կարող եք դատել, մյուսներին էլ կարող եք դատել: Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդն արդար կդատի», - հայտարարեց վարչապետը:

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունների մասին հայտարարել է ինքը` Փաշինյանը խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպումներից հետո: