Ադրբեջանի հետ խոսելուց առաջ նախ մեր տղաներին ու աղջիկներին պետք է վերադարձնեն, հայտարարել է նախագահը

Լինելով փոքր պետություն` Հայաստանը չափը, այսպես ասած, կոմպենսացնելու, հավասարակշռելու համար պետք է շատ ակտիվ լինի, մասնավորապես, արտաքին քաղաքականության ոլորտում, կարծում է երկրի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մենք ուրիշ այլընտրանք չունենք, բացի շատ ակտիվ, եռանդով լցված արտաքին քաղաքականություն ունենալը»,-ասել է նախագահը` ամփոփելով պաշտոնական այցը Վրաստան:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է այդպիսի քաղաքականություն վարի ամբողջ սպեկտրով՝ գերտերություններից մինչև փոքր պետություններ, մասնավորապես տարածաշրջանի բարեկամ երկրների հետ երկրների հետ, ինչպես օրինակ Վրաստանն է, Իրանը:

«Շատ-շատ կարևոր և էական է, որ քայլեր կատարվեն, որպեսզի տարածաշրջանում կայունություն տիրի»

Անդրադառնալով տեղի ունեցած քննարկումներին` նա ասել է. «Երբ խոսում ես տարածաշրջանի և պատերազմի մասին, չես կարող մոռանալ մեր այն հայրենակիցների ճակատագրի մասին, ովքեր այսօր գերության մեջ են կամ պատանդ են: Ցավոք սրտի, նրանց կյանքը, նրանց գերությունը հակառակորդի կողմից օգտագործվում է որպես խաղաքարտ՝ այս կամ այն նպատակի ծառայեցնելու համար: Սա անթույլատրելի է՝ նույնիսկ պատերազմող պետությունների միջև, անընդունելի է միջազգային որևէ օրենքով: Առհասարակ, անթույլատրելի է զուտ մարդկային իմաստով, սա հակամարդկային քայլ է: Որպես նախագահ՝ պետք է անընդհատ բարձրաձայնեմ այս հարցը, քանի դեռ այն չի լուծվել»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ քննարկումների առանցքում են եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու համագործակցությանը վերաբերող հարցերը. «Աշխարհն ընդհանրապես անկայուն է ու անկանխատեսելի, մեր տարածաշրջանը՝ առավել ևս: Շատ-շատ կարևոր և էական է, որ քայլեր կատարվեն, որպեսզի տարածաշրջանում կայունություն տիրի, իսկ կայունությունը մեր տարածաշրջանում առանց Արցախի հարցի արդարացի և վերջնական լուծման անհնարին է լինելու:

Առաջին անգամը չէ, որ վրացական կողմն առաջարկում է լինել այն հարթակը, որտեղ կողմերը կարող են բանակցել: Ազնիվ առաջարկ է, բայց թե ովքեր ու ինչի համար պետք է բանակցեն, համենայն դեպս ինձ համար դեռևս պարզ չէ: Որևէ լուրջ բանակցության, միջպետական բանակցության մասին, ընդհանուր ծրագրերից խոսելուց առաջ նախ և առաջ հակառակ կողմը պետք է ցույց տա տարրական մարդկային վերաբերմունք: Անկախ նրանից, հակառակորդ ես, թե թշնամի, չպետք է անես քայլեր, որոնցով կփակես ապագա երկխոսության ճանապարհը:

Տարածաշրջանային կայունությունն իսկապես էական է՝ բազմաթիվ նպատակներով»:

Հայ-վրացական համատեղ ծրագրերը կարող են գրավիչ լինել

«Եթե մեր հայացքն ուղղենք դեպի ապագա, պետք է խոսենք համատեղ հնարավոր ծրագրերի մասին: Վրաստանի հետ կարող ենք նախաձեռնել նոր ծրագրեր բիզնեսի զարգացման ոլորտում: Հայաստանում կա վրացական բիզնես, կան վրացական ներդրումներ տարբեր ոլորտներում: Կա հայկական բիզնեսի ներդրում Վրաստանում, բնական է, որ համագործակցությունը ներուժ ունի:

Վրաստանն, օրինակ, ունի մաքսային առավելություններ Չինաստանի և Եվրամիության հետ, իսկ Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միության հետ: Պատկերացրեք՝ լինի վրաց-հայկական համատեղ ձեռնարկություն և կարողանա իր արտադրանքը մաքսային արտոնություններով վաճառել ԵՄ-ում կամ Չինաստանում: Եվ հակառակը՝ հայ-վրացական ձեռնարկություն, որ կարողանա վաճառել եվրասիական տարածքում: Կամ համագործակցություն առողջապահական ոլորտում, գիտության ոլորտում՝ նոր տեխնոլոգիաներից մինչև COVID-ի դեմ պայքար: Ձեզ կարող եմ վստահեցնել, որ եթե Հայաստանը և Վրաստանն առաջարկեն համատեղ ծրագրեր, որոնք երկկողմ են, երկկողմ ներդրում ունեն, ենթակառուցվածքային են, ապա շատ ներդրողներ՝ միջազգային ֆինանսական ինստիտուտներ, սկսած Եվրոպական բանկից, Համաշխարհային բանկից, ուրախ կլինեն ֆինանսավորել, նույնիսկ անհատները: Համատեղ ծրագրերը շատ ավելի գրավիչ են, քան փոքր երկրներում առանձին վերցրած ծրագրերը», - ասել է Արմեն Սարգսյանը։

«Պատերազմում պարտվելը մի բան է, կյանքում պարտվելը՝ բոլորովին այլ»

Պատերազմում պարտվելը մի բան է, կյանքում պարտվելը՝ բոլորովին այլ, համոզմունք է հայտնել ՀՀ նախագահը` ավելացնելով. «Կարող ես հինգ պատերազմում պարտվել, բայց ամեն անգամ ոտքի կանգնել և շարունակել գնալ ու ի վերջո հաղթել: Մենք հաղթել էինք 26 տարի առաջ, ուշադիր չէինք, քիչ աշխատեցինք, լուրջ չվերաբերվեցինք շատ հարցերի, ենթադրեցինք, թե այդ հաղթանակը ընդմիշտ է և այլն, և այլն... Սակայն այս դեպքում պարտությանը պետք է լուրջ վերաբերվենք, հետևաբար, պետք է ոտքի կանգնենք, հավաքվենք և միասնական առաջ գնանք»։

Ըստ նրա` այստեղ միասնականություն է հարկավոր:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ հանդիպումների ժամանակ քննարկվել են հնարավոր բոլոր ծրագրերը, առաջարկությունները, տրանսպորտային բոլոր հնարավոր լուծումներն ու սխեմաները. «Մենք այս բոլորը քննարկեցինք նախագահի հետ։ Հայաստանն ի վերջո պետք է դառնա ոչ թե փակուղի, այլ՝ խաչմերուկ: Եթե կարողանանք Հայաստանը խաչմերուկ դարձնել...

Բայց վերացական այս ցանկությունից այն կողմ կան մեծ թվով դժվարություններ. ինչպե՞ս ես դու ճանապարհ բացելու Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, մինչև ճանապարհ բացելը հազար ու մի քայլ կա, որ պետք է արվի, և առաջինը ադրբեջանական կողմից պետք է լինի, Թուրքիայի կողմից պետք է լինի»:

Վրաց-թուրքական տնտեսական հարաբերությունների մասին

Անդրադառնալով հարցին, թե Վրաստանի հետ ունենք բարեկամության, բայց, մյուս կողմից, այդ երկիրը լուրջ տնտեսական շահեր ունի Թուրքիայի հետ, այս պարագայում կա՞ հնարավորություն, որ մենք կկարողանանք աշխատել, կառուցել մեր հարաբերությունները, նախագահ Սարգսյանն ասել է. «Այո, իհարկե, միշտ կա: Երբ ասում ենք՝ բարեկամություն, դա բացարձակ արժեք չէ: Բարեկամություն ասածն ամեն օրվա աշխատանք է պահանջում: Բարեկամությունը երկկողմ հարաբերություն է, և պահանջելուց առաջ պետք է նաև տաս: Երկրորդը. չպետք է երբեք ծուլանաս քո վերաբերմունքը ցույց տալու, ընդ որում այս դեպքում և՛ բարեկամության, և՛ արտաքին քաղաքականության այլ ոլորտներում ոչ միայն բարեկամների, այլև հակառակորդների հետ: Մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը պետք է լինեն էներգիայով լեցուն, նպատակաուղղված, այսինքն՝ հստակ տեսլականով, թե ումից ինչ ենք ուզում՝ բարեկամից, հակառակորդից, թշնամուց, ինչի պետք է հասնենք, հստակ ծրագիր պետք է ունենանք: Եվ այդ ծրագիրն ամեն օր պետք է իրականացնենք՝ սկսած նախագահից, կառավարությունից, Ազգային ժողովից մինչև ՀՀ ցանկացած քաղաքացի, կամ հայ, որը ՀՀ քաղաքացի չէ: Եթե մենք գիտենք՝ ինչ ենք ուզում, ուր ենք ուզում գնալ, կարգապահ ենք, կազմակերպված ենք և միասին ենք, ապա, բնական է, հաջողության կհասնենք: Բարեկամությունը մեծ արժեք է, որի համար պետք է ամեն օր պայքարել»:

Արցախի հիմնահարցի լուծումը միայն մեր խնդիրը չէ. նախագահ

Անդրադառնալով տարածաշրջանի նոր իրողությունների համատեքստում վրացի գործիչների մտահոգություններին (հաշվի առնելով,որ Վրաստանի խորհրդարանում ղարաբաղյան հարցով փակ քննարկում է եղել) վերաբերող հարցին՝ Հանրապետության նախագահն ասել է. «Տարածաշրջանի բոլոր խնդիրները բոլորին են վերաբերում: Եթե կարծում եք՝ Արցախի հիմնահարցը միայն մեր խնդիրն է, սխալվում եք: Մեր հանդիպման ժամանակ ես ասացի, որ մինչև այն պահը, երբ Արցախի հիմնահարցը վերջնական արդար լուծում չգտնի, խոսել տարածաշրջանում կայունության, կանխատեսելիության մասին շատ դժվար է լինելու: Հետևաբար, դա բոլորի խնդիրն է: Կարող ես աչքերդ փակել, ձևացնել, որ ինչ-որ ձևով խնդիրը լուծվեց, բայց իրականությունը գալու է քո հետևից և դեմքիդ ասելու է, որ այդպես չէ: Արցախի հիմնահարցը միակ խնդիրը չէ այս տարածաշրջանում, այս փոքր տարածքում, որը Կովկաս է կոչվում կամ Հարավային Կովկաս: Հետևաբար, մենք պետք է հետաքրքրված լինենք ոչ միայն Արցախի հիմնահարցով, ոչ միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով կամ հակադրությամբ, ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերություններով, այլև պետք է շատ զգայուն լինենք նաև մեր բարեկամ երկրների նկատմամբ: Կարծում եմ, որ պետք է շատ ավելի խորացնենք մեր հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ: Երբեք մի սպասեք, թե դիմացինը ձեզ համար ինչ է անելու, միշտ մտածեք, թե դուք ինչ կարող եք անել ձեր բարեկամի համար: Այդ դեպքում պատասխանը կստանաք»:

Հայ-թուրքական հարաբերությունների հնարավորության մասին

Պատասխանելով հարցին, թե երկրում դիսկուրս է ծավալվել խաղաղասիրության, տարածաշրջանի՝ մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունք փոխելու մասին, և այս համատեքստում ինչպիսի՞ն է նախագահի մոտեցումը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ իր վերաբերմունքը և՛ Թուրքիայի, և՛ Եղեռնի հարցի վերաբերյալ բազմիցս արտահայտել է. «Կարող եմ ձեզ հետ մասին վերլուծել այսօրվա Թուրքիայի Հանրապետության, նրա առաջնորդների, ղեկավարության քաղաքականությունը և ոչ միայն մեր տարածաշրջանում՝ Սիրիայում, Արևելյան Միջերկրականում, Լիբիայում և այլն...

Մենք հավասար վիճակում չենք գտնվում. Ադրբեջանի հետ ինչ-որ բանի մասին խոսելուց առաջ նախ մեր տղաներին ու աղջիկներին պետք է վերադարձնեն, հետո հաջորդ քայլի մասին կմտածենք:

Չի կարող երկկողմ հարաբերությունների վերականգնումը կամ նորմալացումը լինել ի հաշիվ մեկ կողմի՝ ի հաշիվ մեզ: Ես չեմ կարողանալու մոռանալ Եղեռնը և այս 100-ից ավելի տարիների մեր ժողովրդի դժվարությունները, դժբախտություններն ու պատմությունը մի կողմ դնել, եթե հակառակ կողմը որևէ քայլ չի անում դրա ուղղությամբ՝ ճանաչման կամ ներողություն խնդրելու և այլն: Երբ դա կլինի, այդ ժամանակ կմտածենք, այդ ժամանակ ինձ հարց կտաք»: