Ռուբեն Վարդազարյանի համոզմամբ, իշխանությունը փորձում է իրեն հեռացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթին հայտնել է ինքը Վարդազարյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ նրա լիազորությունները որպես ԲԴԽ նախագահ, կասեցվել են քրեական գործի պատճառով։ Գլխավոր դատախազությունից պարզաբանել էին, որ գործը կապված չէ Ռուբեն Վարդազարյանի մասնագիտական գործունեության հետ՝ չնշելով այլ մանրամասներ։

Վարդազարյանը համոզված է, որ իշխանությունն այս ճանապարհով փորձում է իրեն հեռացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից։

«Շատ պարզ ու հասարակ է ամեն ինչ, շատ հասկանալի է` իմ լիազորությունները կասեցվել են, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Ջհանգիրյանն է», - լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Վարդազարյանը։

Վարդազարյանը հաստատել է տարածված տեղեկությունը, թե իր դեմ ցուցմունք է ներկայացրել նախկին դատավոր, հիմա արդեն ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։ Վարդազարյանը նաև համոզմունք է հայտնել, որ իրեն հեռացնում են ԲԴԽ նախագահի պաշտոնը Գագիկ Ջհանգիրյանին հանձնելու համար։ Քրեական գործի հետ կապված հարցերին պաշտոնյան այսօր «Ազատության» հետ զրույցում չպատասխանեց։

Իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը բացառում է, թե իշխանությունը կարող էր որևէ միջամտություն ունենալ պաշտոնյայի դեմ քրեական հետապնդում սկսելու համար․ - «Գլխավոր դատախազությունը ստեղծված իրավիճակով և պայմանավորված հետպատերազմական իրավիճակով մեր հեղինակության միջազգային ատյանում չէր գնա մի քայլի, որը ուղղակի կխփեր գործող իշխանություններին»։

Նիկոլայ Բաղդասարյան

Բաղդասարյանը համոզված է, որ Գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցելու ու մեղադրանք առաջադրելու համար բավարար հիմքեր է ունեցել․ - «Իմ հասկանալով, դատախազությունը ունի բավարար ապացույցներ։ Առավել բավարար ապացույցներ, քան սովորական քաղաքացու նկատմամբ, և չեմ ամաչի ասեմ՝ առավել շատ պիտի լիներ ապացույցներ, քան ինձ կան ձեզ մեղադրանք առաջադրելու, երբ որ նման մեղադրանք կամ քրեական հետապնդում է հարուվել ԲԴԽ նախագահի վերաբերյալ։ Որովհետև հակառակ դեպքում դատախազության գործողությունները կորակվեին որպես իշխանության դեմ գործողություններ։ Որովհետև եթե բավարար ապացույցներ չունես, ինչո՞ւ ես գնում էդ քայլին»։

Իշխող ուժի ներկայացուցիչները չեն թաքցնում, որ Վարդազարյանի նկատմամբ որոշակի վերապահումներ ունեն։ Դա էր պատճառը, որ անգամ մեկ ու կես ամիս առաջ Ազգային ժողովում իմքայլականները տապալեցին ԲԴԽ-ի կողմից ներկայացված Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը։ Իշխանական պատգամավորները 3 օր շարունակ ոչ թե այդ հարցն էին քննարկում խորհրդարանում, այլ Վարդազարյանի՝ ամիսներ առաջ արած աղմկահարույց հայտարարությունը։

Խոսքը նոյեմբերի 15-ի կոչի մասին է, որն ուղղված էր դատավորներին։ Այդ տեսքտում վերջինս հղում էր կատարել վարչապետի հեղինակային արտահայտությանը, թե եկել է պահը տալու «ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. իրենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր են, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

Հայտարարությունն արվել էր նույն այն ժամանակ, երբ դատարանը քննում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներին կալանավորելու հարցը։ Նրանք, ի դեպ, չկալանավորվեցին։

Նինա Կարապետյանց

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը չի բացառում քաղաքական հետապնդման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ ասում է՝ վստահ նման հայտատարություն անելու համար պետք է ծանոթ լինել քրեական գործի որոշ մանրամասներին․ - «Չեմ ասում ամբողջ քրեական գործը, բայց առնվազն գոնե կարևորագույն դետալները պետք է մեզ հայտնի լինեն։ Ամբողջ քննադատությամբ հանդերձ, չընդունելով Վարդազարյանի կերպարը որպես դատավոր, որպես ԲԴԽ նախագահ՝ ես վստահեցնում եմ, որ եթե լինեն քաղաքական հետապնդման էլեմենտներ, վստահաբար ես մեկը կլինեմ, ով դրա մասին կբարձրաձայնի։ Որովհետև Հայաստանում չպիտի լինեն քաղաքական հետապնդումներ»։

Ռուբեն Վարդազարյանը երեկ երեկոյան կանչվել էր Հատուկ քննչական ծառայություն։ Մարտին էլ ՀՔԾ էր հրավիրվել Վարդազարյանի կինը՝ վկայի կարգավիճակով։