Ռուսաստանը սպառնում է երկու ամսից արտաքսել ԱՊՀ ապօրինի միգրանտներին

Ռուսաստան - Ղրղըզ միգրանտները Մոսկվայում կորոնավիրուսի հիվանդանոց են կառուցում, 2020թ․

Եթե ԱՊՀ ապօրինի միգրատները առաջիկա երկու ամսում չլքեն Ռուսաստանի տարածքը, Մոսկվան պատրաստ է նրանց արտաքսել, և անգամ՝ փակել սահմանները։

«Եթե մինչև հունիսի 15-ը այդ հարցը չլուծվի, ինչպես ենթադրում է Ռուսաստանի նախագահի հրամանագիրը, ապա այդ մարդկանց սպառնում են պատիժներ՝ ընդհուպ մինչև Ռուսաստանից արտաքսում և սահմանների փակում», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստում։

Ռուսաստանում այժմ գտնվող հայաստանցի միգրանտների թիվը, ըստ երկրի ներքին գործերի նախարարության, անցնում է 61 հազարից։

Հայաստանից բացի ԱՊՀ-ի անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Մոլդովան և Կենտրոնական Ասիայի չորս պետությունները։